Սաուդյան Արաբիայում բարեփոխումներն անհրաժեշտ են երկրի զարգացման եւ այնպիսի պետությունների դեմ պայքարում, ինչպիսին Իրանն է։ Այս մասին հայտարարել է թագավորության գահաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Բարեփոխումները եւ փոփոխությունները Սաուդյան Արաբիայում անհրաժեշտ են զարգացման խթանման եւ հակառակորդների, ինչպես օրինակ Իրանի դեմ պայքարի համար»,–ասել է գահաժառանգը The Washington Post թերթին տված հարցազրույցում։ Բացի այդ, գահաժառանգի խոսքով, «բարեփոխումները շոկային թերապիայի մաս են կազմում, որն անհրաժեշտ է քաղաքական եւ մշակութային առումով թագավորության արդիականացման համար»։ «Շոկային թերապիան կարեւոր է ծայրահեղականության զսպման, ինչպես նաեւ կանանց ավելի մեծ իրավունքներով օժտելու համար»,–ընդգծել է նա։
Մուհամեդ բեն Սալմանը նշել է, որ փոփոխությունները Պաշտպանության նախարարության ղեկավար կազմում պլանավորված էին դեռ մի քանի տարի առաջ։ Երկուշաբթի հայտարարվել էր, որ թագավոր Սալման բեն Աբդել Ազիզի հրամանագրով թոշակի են ուղարկվել Գլխավորն շտաբի պետ Աբդել Ռահման բեն Սալեհ ալ Բունյանը եւ հակաօդային պաշտպանության հրամանատար գեներալ Մուհամեդ բեն Ավադ Սուհայմը։ Փոխարինվել են նաեւ ցամաքային ուժերի, համատեղ զինախմբի եւ ռազմավարական նշանակության հրթիռային ուժերի հրամանատարները: Փոխարինումները վերաբերել են նաեւ մի քանի մարզպետների, նրանց տեղակալների եւ քաղաքապետերի:
Սաուդյան Արաբիայում փոխնախարարի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել




























