Ճապոնիայի Ֆինանսների նախարարությունը փաստացի ընդունել է երկրի վարչապետ Սինձո Աբեի կնոջ հետ կապված մի կրթական կազմակերպությանը չափազանց էժանացրած արժեքով հողամասի վաճառքի վերաբերյալ փաստաթղթերում ուղղումների փաստը, հայտնում են ճապոնական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ուղղումներ են կատարվել 14 փաստաթղթերում, մասնավորապես՝ դրանցից հանել են սկանդալային գործարքի հետ կապված Ակիե Աբեի անվան հիշատակումը:
Երկրի ֆինանսների նախարար Տարո Ասոն եւ այս գերատեսչության բարձրաստիճան այլ անձինք մեկնաբանություններից հրաժարվել են:
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ սահմանափակվել է միայն ասելով, որ «Ֆինանսների նախարարությունը մանրակրկիտ քննություն է անցկացնում»:
Ինչպես նշում է «Կիոդո» գործակալությունը, փաստաթղթերն ուղղելու փաստի պատճառով, հնարավոր է, ընդդիմությունը պահանջի ֆինանսների նախարար Տարո Ասոյի հրաժարականը, որը Աբեի մերձավոր համախոհներից է:
2016 թվականին իրականացվել է Օսակա պրեֆեկտուրայում պետական սեփականություն համարվող հողամասի վաճառքի գործարք շուկայական արժեքից ցածր գնով «Մորիտոմո-գակուին» դպրոցի անվան տակ: Այս կազմակերպության նախագահ Յասունորի Կագոիկեին եւ նրա կնոջը հետո խարդախության մեղադրանք է առաջադրվել կրթական այլ հաստատությունների անվան տակ սուբսիդիաներ ստանալու համար:
Մեկ տարի առաջ Կագոիկեն Ճապոնիայի խորհրդարանի 2 պալատներում լսումների ժամանակ հայտարարել էր, որ Ակիե Աբեն մի անգամ իրեն 1 մլն իենով (մոտ 9 հազար դոլար) ծրար է փոխանցել եւ ասել, որ դա ամուսինն է (Սինձո Աբեն) տվել: Դրա մեջ ոչ մի անօրինական բան չի հայտնաբերվել, սակայն դրանով իսկ ակնհայտ է դարձել Աբե զույգի հետ «Մորիտոմո-գակուինի» ղեկավարության կապը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի վարչապետի կինը պետք է դառնա տարրական դպրոցի պատվավոր տնօրենը, որը կառուցվել էր ցածր գնով ձեռք բերված հողամասի վրա, սակայն ծրագրերը փոխվել են, երբ այս սկանդալը բռնկվել է:
Վկայակոչելով կառավարությունում աղբյուրին՝ «Կիոդոն» հայտնում է, որ նախարարության ղեկավարության կարգադրությամբ փաստաթղթերը վերաշարադրվել են անցյալ տարի մինչեւ խորհրդարան ներկայացնելը, սակայն արդեն առանց որոշ քաղաքական գործիչների անունների հիշատակման:


























