Ռուսաստանի մասնաբաժինը զենքի համաշխարհային շուկայում 2013-2017 թվականներին 2008-2012 թվականների համեմատ կրճատվել է 4 տոկոսով: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի մասնաբաժինը աճել է նույն 4 տոկոսով: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալները:
SIPRI- ի տվյալներով՝ այս շուկայում ԱՄՆ-ի մասնաբաժինը 2013-2017 թվականների ընթացքում աճել է մինչեւ 34 տոկոս: Ամերիկյան զենքի հիմնական գնորդներն են եղել Սաուդյան Արաբիան (մատակարարումների 18 տոկոսը), Միացյալ Արաբական Էմիրությունները (7.4 տոկոս) եւ Ավստրալիան (6.7 տոկոս): Նույն ժամանակահատվածում Ռուսաստանի մասնաբաժինը կրճատվել է մինչեւ 22 տոկոս: Ռուսաստանի հիմնական գնորդներն են Հնդկաստանը (35 տոկոս), Չինաստանը (12 տոկոս) եւ Վիետնամը (10 տոկոս):
2013-2017 թվականներին գլոբալ սպառազինությունների շուկան 2008-2012 թվականների համեմատ աճել է 10 տոկոսով: «Զենք արտահանող հինգ խոշորագույն երկրներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Չինաստանը: Այս երկրներին է պատկանում զենքի համաշխարհային վաճառքների 74 տոկոսը»,- գրում է պարբերականը: Աշխարհում զենքի խոշորագույն գնորդներն են Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Չինաստանը: Այդ երկրները ներկրում են վաճառվող զենքի 35 տոկոսը:
SIPRI փորձագետների կողմից կազմված 2016 թվականի աշխարհի հարյուր խոշորագույն ռազմական արդյունաբերական ընկերությունների վարկանիշային աղյուսակում առաջին երեք տեղերը զբաղեցրել են ամերիկյան արտադրողները: 2010 թվականից ի վեր ռուսական զենքի արտահանումը տատանվել է տարեկան 15-16 մլրդ դոլարի մակարդակում: «Ռոսոբորոնէքսպորտ»-ի մասնաբաժինը 13-14 մլրդ է կազմել:



























