Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինորոշման իրավունքի միջազգային ճանաչումն անհրաժեշտ է ոչ միայն նրա համար, որ ամրագրված է միջազգային իրավունքում։ Այս մասին մարտի 13-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իշխող հանրապետական կուսակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։
Պատգամավորի խոսքով, Ղարաբաղի անկախության եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը անհրաժեշտ են, առաջին հերթին, ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից ապահովելու քաղաքական եւ իրավական երաշխիքներ ստեղծելու տեսանկյունից. «Հայկական դիվանագիտությունը միջազգային հարթակներում այժմ առաջ է մղում հետեւյալ թեզը՝ Արցախի ճանաչումը եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը կստեղծեն միջազգային իրավական ու քաղաքական երաշխիքներ ֆիզիկական բնաջնջումից խուսափելու համար»,–նշել է պատգամավորը:
Նրա կարծիքով, միջազգային հանրությունն աստիճանաբար կընդունի այդ մոտեցումը: «Ադրբեջանի ղեկավարության հայատյաց եւ ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաեւ 2016 թ. ապրիլյան էսկալացիայի ժամանակ ահաբեկչական խմբավորումներին բնորոշ ադրբեջանցիների բարբարոսական գործողությունները հստակ ցույց տվեցին, որ Ղարաբաղի անկախությունից տարբեր ցանկացած կարգավիճակ վտանգում է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը»,–նշել է Խոսրով Հարությունյանը։



























