Այս հարցի քննարկումը պետք է հետաձգել, իսկ օրինագիծը վերջնամշակել: Այս մասին մարտի 15-ին ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում «Դատական ակտերի հարկադիր կատարման» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:
Նա կարծիք հայտնեց, որ ԴԱՀԿ արտաբյուջետային ֆոնդի առկայությունը պետք է ինչ-որ կերպ հիմնավորվի: «Ոչ հիմա, բայց ես պատրաստվում եմ բարձրացնել արտաբյուջետային հաշիվների առկայության նպատակահարմարության եւ հիմնավորվածության հարցը: Սակայն այս օրինագծի ենթատեքստում մենք դա դեռեւս չենք քննարկի»,- նշեց Կոստանյանը:
Նա կոչ արեց, որ այս օրինագծի հեղինակ Միհրան Պողոսյանի փաստարկները հաջորդ անգամ պատշաճ կերպով հիմնավորված լինեն:
Այսպիսով, այս օրինագծի քննարկումը հանձնաժողովի ղեկավարի առաջարկով հետաձգվեց:



























