Մարտի 10-ի «Հանուն Հայաստան պետության» կազմակերպած հանրահավաքից հետո իշխանությունները լուրջ մտահոգված են, քանի որ դրանից հետո իշխանությունները եւ նրանց սպասարկող լրատվամիջոցները սկսեցին պիտակավորել, թե ՝ «հին դեմքերով նոր շարժում է», «ուժի կիրառման քարոզչություն է»: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, «Հանուն Հայաստան պետության» ճակատի իշխանափոխության բանաձեւն ու առաջիկա քայլերը» թեմայով քննարկման ժամանակ նշել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Պետրոս Մակեյանը:

«Նախ իրենց ցավ է տալիս, որ «հին դեմքեր են», քանի որ էսքան բռնաճնշումներից, հալածանքներից, բանտերից հետո «հին դեմքերը» ողնաշարը չեն ծռել ու ամուր պայքարում են իրենց դեմ: Իրենց համար ձեռնտու է ունենալ լուսավոր ջահելներ եւ մեծահարուստ, պուզատի, մարազմատիկ դեմքեր, որ հիմա լցված են խորհրդարանում: Սերժ Սարգսյանը արդեն 25 տարի է կա, ակնոցները հանեց, իմունային բջիջները փոխեց դարձավ նոր դե՞մք: Հանրապետականները 1995 թվականից պառլամենտում են, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի հետ Աշոտ Նավասարդյանի թեւի տակ ֆռֆռում էին, հիմա դարձել են մարազմատիկ ծերունիներ, բայց չեն տեսնում իրենց դեմքերը»,- ասաց նա:

Մակեյանի խոսքով, իշխանությունները ինչ գողացել են բյուջեից, բանակից եւ այլն, պետք է վերադարձնեն պետությանը. «Մենք ունենք գերխնդիր՝ ազգային գենոֆոնդը պահել էս հողի վրա, որովհետեւ վտանգված է: Հակառակորդը Երեւանի, Զանգեզուրի մասին է խոսում, իսկ իրենք ցոփ ու շվայտ այսօրվա հարափոփոխ աշխարհը երաշխիք չի կանգնի որեւէ ազգի: Եթե իրենք իրենց այդպես են պահում, մենք պարտավոր չենք պետությունը թողնել ինքնահոսի:

Կա շանս, որ ապրիլի 9-ից 17-ը ժողովրդին դուրս բերել փողոց: Ժամանակը կարճ է, եւ մենք ասում ենք՝ 7 օր թողեք ձեր ինտերնետը, եկեք հրապարակ, կանգնեք եւ պարտադրենք իշխանափոխություն»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր՝ մարտի 16-ին, Ազատության հրապարակում իր երկրորդ հանրահավաքն է կազմակերպելու «Հանուն Հայաստան պետության» ճակատը: