Հայկական հացը` լավաշը, 100 տարի անց կրկին սկսել է թխվել Դիարբեքիրում: Դիարբեքիրցի հայերից Էրհան Յամանը հացի փուռ է բացել այստեղ` հայկական լավաշը վերստին Դիարբեքիրում տարածելու նպատակով:
Ինչպես տեղեկանում ենք Akunq.net-ից, «Ռուդավ» քրդական կայքէջի թուրքալեզու տարբերակը անդրադարձել է Դիարբեքիրում հայկական լավաշի ավանդույթը վերականգնմանը։
Մինչ այժմ շինարարության ոլորտում աշխատած Էրհան Յամանը, Հայաստան այցելելուց հետո, որոշել է փուռ բացել Դիարբեքիրում` այստեղ հայկական լավաշի ավանդույթը վերականգնելու համար:
Էրհան Յամանը «Ռուդավի» հետ զրույցում մասնավորապես նշել է. «Լավաշը 100 տարի առաջ տարածված է եղել այստեղ: Երբ հայերը հեռացել են Դիարբեքիրից (Ցեղասպանության հետևանքով- խմբ.), այդ մշակույթն էլ են տարել իրենց հետ: Ես որոշեցի լավաշը դարձյալ տարածել Դիարբեքիրում: Եվ փա~ռք Աստծո, նորից փուռ բացեցի այստեղ»:
Յամանը շեշտելով, որ լավաշ հացատեսակը հայերին է պատկանում, նաեւ հայտնել է. «Ներկայում Թուրքիայի տարբեր շրջաններում, օրինակ` Ուրֆայում և Աղրըում (Արարատում- խմբ.) էլ են լավաշ թխում, սակայն հայկական լավաշն` իր համով և ավելի բարակ լինելով, մի փոքր տարբերվում է դրանցից»:
Յամանը հացի փուռն աշխատեցնում է Հայաստանից բերված հացթուխների միջոցով: Նրանցից մեկը` Ասյան, «Ռուդավի» հետ զրույցում ասել է. «Այս հացը շատ համեղ է, թեթև` ստամոքսի համար»:
Դիարբեքիրում գործող սույն հացի փռում օրեկան 600 լավաշ է թխվում: Էրհան Յամանը նախատեսում է 2 տարվա ընթացքում օրեկան թխվող լավաշների թիվը հասցնել 2 հազարի:




























