Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Երեւանի քաղաքային վարչության աշխատակիցները երեկ՝ հունվարի 20-ի կեսօրին քաղաքացուց գումար ստանալու պահին ձերբակալել են մի փաստաբանի:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացուհի Անահիտ Հակոբյանը ոստիկաններին հայտնել էր, որ 45-ամյա Արշակ Հովհաննեսի Մկրտչյանը, ով մասնագիտությամբ փաստաբան է՝ հիմնականում քաղաքացիական գործերով, 2010-ի դեկտեմբերին իրենից վերցրել է 1000 դոլար: Ա.Մկրտչյանը հայտնել է, որ գումարն ստացել է եւ այն որպես կաշառք տվել է վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանին: Վերջինս պետք է որոշում կայացներ՝ Հակոբյանի քաղաքացիական գործը հետ քննության ուղարկելու մասին (այդ գործով վճիռ էր կայացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից):

2011-ի հունվարին Ա.Մկրտչյանը Հակոբյանից այս անգամ պահանջում է 1500 դոլար՝ պատճառաբանելով, որ այդ գումարի մի մասը պետք է փոխանցի դատավորին: Երեկ Ներսիսյան 10ա շենքի երկրորդ հարկի 219 սենյակում 1500  դոլարն ստանալու պահին փաստաբանը ձերբակալվել է:

Այսօր արդեն փաստաբանի աշխատասենյակը փակ էր, իսկ դուռը՝ կնքված:  Հայտնի է դարձել, որ փաստաբանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ ստեղծված նյութերն ուղարկվել են Հայաստանի գլխավոր դատախազություն:

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի