Վայոց ձորի մարզի ԲՀԿ կառույցը դեռեւս ակտիվորեն չի պատրաստվում առաջիկա խորհրդարանական ընտրություններին, փոխարենն ակտիվորեն պատրաստվում է ԲՀԿ առաջիկա համագումարին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը։

Նա նշեց, որ լինելով ԲՀԿ մարզխորհրդի նախագահ, հնարավորինս խուսափում է մարզպետի պաշտոնն օգտագործել կուսակցական հարցեր լուծելու համար, քանի որ անհավասար դաշտ կստեղծվի։ «Այդ պատճառով այս պահին մենք ՀՀԿ-ի հետ միասին փորձում ենք համագործակցության դաշտ ստեղծել, եւ երբ գա մրցության պահը՝ կմրցենք։ Իսկ այժմ պետք է կոնսոլիդացվենք»,-հայտարարեց Բագրատյանը՝ հավելելով, որ կուսակցության աշխատանքները կազմակերպում է ժամը 20:00-ից հետո՝ երբ աշխատանքն ավարտում է։

Վայոց ձորի մարզպետի խոսքով՝ քաղաքական մյուս ուժերը, մասնավորապես  ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՕԵԿ-ը,  նույնպես պասիվ են եւ դեռեւս չեն ակտիվացրել իրենց աշխատանքները առաջիկա ընտրություններին նախապատրաստվելու ուղղությամբ։ «ՀԱԿ-ի գրասենյակը գրեթե չի գործում, «Ժառանգությունը», չգիտեմ, գրասենյակ ունի՞, թե՞ չէ։ Իսկ ՕԵԿ-ը դեռեւս առանձնահատուկ չի նկատվում մարզում, հավանաբար այն փուլում են, որ միանգամից չեն ուզում ռեսուրսները ծախսել եւ աստիճանաբար կմտնեն քաղաքական պայքարի մեջ»,-հայտարարեց մարզպետը եւ հավելեց, որ մարզում այս պահի դրությամբ առավել ակտիվություն են ցուցաբերում իշխող կոալիցիայի երկու անդամները՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն։