Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սուդանում անցկացված հանրաքվեի վերաբերյալ, նշելով, որ ողջունում է Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը: ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարավային Սուդանի հանրաքվեի անցկացումը վկայում է այն մասին, որ ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը հանդիսանում է նմանատիպ հակամարտությունների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ եւ ժողովրդավարական եղանակը: Այդ կերպ են լուծվել Եթովպիայի եւ Էրիթրեայի, Ինդոնեզիայի եւ Արեւելյան Թիմորի  միջեւ հակամարտությունները:

ԼՂՀ ԱԳՆ-ն գոհունակությամբ է ընդգծում միջազգային հանրության դիրքորոշումը, որն անհրաժեշտ ճնշում է գործադրել Խարթումի կենտրոնական իշխանության վրա եւ հերթական անգամ աջակցություն է հայտնել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառմանը` որպես պետական անկախության հռչակման եւ հետագա պաշտոնապես  ճանաչման հիմք:

ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Հարավային Սուդանի հանրաքվեի արդյունքը կլինի երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատումը, որը թույլ կտա ջանքերն ուղղել տարածաշրջանի երկրների միջեւ կառուցողական եւ փոխշահավետ համագործակցությանը:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը աշխարհի տերությունների կողմից օբյեկտիվ եւ կայուն հետեւողականություն է ակնկալում ադրբեջանա-ղարաբաղյան եւ նմանատիպ հակամարտությունների նկատմամբ նույնատիպ մոտեցում կիրառելու հարցում` միջազգային իրավունքի կիրառման ժամանակակից միտումների ոգով եւ 2009թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» բանաձեւին համապատասխան: Այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Արցախի ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքից օգտվել է դեռեւս 1991թ.-ին` անցկացված հանրաքվեով արտահայտվելով անկախության օգտին եւ իր կամքը հաստատել է 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունմամբ:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսումը եւ միջազգային հանրության անգործությունը հանգեցրել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի, որի արդյունքում սպանվել են տասնյակ հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորները ենթարկվել են էթնիկական զտումների եւ տեղահանումների եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումների զոհ են դարձել:

Արցախի ժողովրդի արդեն իսկ կայացած կամարտահայտության արդյունքների միջազգային ճանաչումը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման եւ Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների կերտման համար պայմանների ստեղծման ամենակարճ ուղին:

ԼՂՀ ԱԳՆ-ն փաստում է, որ մարդկանց ազատությունն ու անվտանգությունը ժամանակակից աշխարհում բարձրագույն արժեքներ են հանդիսանում: Մարդու հիմնական իրավունքների իրացմանը խոչընդոտելու ցանկացած փորձ պետք է դիտվի քաղաքական իրավիճակից անկախ եւ միջազգային հանրության կողմից միանշանակ եւ խիստ գնահատականի արժանանա»: