Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ (հունվարի 28-ին): Ուղերձում մասնավորապես, ասվում է.

« Հայոց բանակի կազմավորման 19-րդ տարեդարձը համայն հայության համար տոն է:

Հայ ժողովրդի նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը հայոց բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի ու ժողովրդի համար չափազանց պատասխանատու ժամանակահատվածում:

Դարեր շարունակ չունեինք պետություն ու պետականություն: Պահպանվել էր միայն հայի անկախության ձգտումն ու ազատության գաղափարը: Սակայն մեր ժողովուրդն իր ոգու եւ կամավորականների խիզախության շնորհիվ ամրագրեց անկախության ձգտումը, ռազմադաշտի հաջողությունները, պետության սահմանները, բանակի անպարտելիությունն ու այսօրվա խաղաղությունը: Խաղաղություն, որ ապահովում է երկրի ու տնտեսության բնականոն զարգացումը, որի գրավականն ու պահապանը մեր հզոր բանակն է` ծնված երկրապահի մարտնչող ոգուց եւ ժողովրդի անկախության ձգտումից:

Մեր անկախությունը այսօր 20 տարեկան է: Մեր անկախությունն ու մեր բանակը յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունեն: Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել, ինչպես կվերաբերվենք մեր զավակին, նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում:

Բանակում ծառայելը մեծ առաքելություն է, իսկ հայոց հաղթանակած բանակում ծառայելը` պատիվ ու պատասխանատվություն:

Հայոց բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի առիթով շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին` Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը, բանակի կազմավորման տարիներին մեր զոհված հայորդիների ընտանիքներին, մեր հերոս մայրերին, հատկապես երկրի սահմանները պահող զորքերին եւ նաեւ նրանց, ովքեր վաղը պատիվ կունենան հագնել հայոց բանակի համազգեստը:

Միասնական ժողովուրդն ու հզոր եւ միշտ պատրաստ բանակն է՝ երկրի կայունության ու խաղաղության ամուր երաշխիքը: Ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում` ՙԲանակն է ազգային միասնականության օջախը՚:

Արժանի ու պաշտպան լինենք Սպարապետի այս պատգամին, միասնական եւ արժանավայել շարունակենք դիմակայել նոր մարտահրավերներին: Հավատանք ինքներս մեզ, մեր պետությանը, մեր նոր սերնդին ու հաստատակամ լինենք մեր բոլոր նպատակներին հասնելու գործում:
Մեր ուժը մեր բանակի ու ժողովրդի միասնության մեջ է»: