Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի ելքը կնշանակի մեծ փոփոխություններ, սակայն ԵՄ-ն կշարունակի գործընկերային հարաբերություններ ունենալ Միացյալ Թագավորության հետ, այդ թվում՝ արտաքին քաղաքականության եւ պաշտպանություն ոլորտներում։ Այսպիսի տեսակետ է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դաշնային կառավարության կայքում շաբաթ օրը տեղադրված պոդքասթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ես ամեն ինչ կանեմ այն բանի համար, որ մեր համագործակցությունը արտաքին քաղաքականությունում եւ անվտանգության ու պաշտպանության քաղաքականության ոլորտում մնա շատ, շատ սերտ, որ մենք աշխարհում հանդես գանք որպես գործընկերներ»,-ասել է կանցլերը։
«Մենք ունենք միմյանց կարիքը արտաքին սահմանների պահպանության, ինչպես նաեւ Աֆրիկայում առաքելության առումով»,-նկատել է Մերկելը՝ հիշեցնելով, որ Գերմանիային եւ Մեծ Բրիտանիային կապում է ՆԱՏՕ-ին անդամակցությունը, Իրանի միջուկային համաձայնագրի պահպանման եւ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում ընդհանուր դիրքորոշումը։
Միաժամանակ, Մերկելը շեշտել է, որ այն, թե ինչպիսի տեսք կընդունի Լոնդոնի հետ փոխգործակցությունը արտաքին քաղաքականության եւ պաշտպանության ոլորտում, կախված կլինի նաեւ Մեծ Բրիտանիայի պատկերացումներից:
ԳԴՀ կանցլերը նշել է, որ համայնքի մյուս 27 երկրները մտադիր են Brexit-ը օգտագործել որպես «Եվրամիությունն ավելի ուժեղ եւ ավելի գործունակ դարձնելու» հնարավորություն:





























