Այն, ինչ տեղի է ունեցել հունիսի 28-ին Արցախի խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ ոչ միայն տհաճ էր, այլեւ անընդունելի: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, Խորհրդարանում տեղի ունեցել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ հանդիպմանը ասել է հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, հաղորդում է «Արցախպրես»-ը: 

Ներկայացնելով տարվող աշխատանքները՝ Ա. Թովմասյանն ասել է, միջադեպի առնչությամբ նյութերի հավաքագրման գործընթացն ավարտվել է քիչ առաջ:

«Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն ունի իր լիազորությունների շրջանակը, եւ մենք պետք է կայացնենք որոշում մեր երկու գործընկերների նկատմամբ, որը, իհարկե, դժվար է»,- նշել է Ա. Թովմասյանը՝ հավելելով, որ ինքը հանձնաժողովի անդամներին առաջարկել է հավաքագրված նյութերը հնարավորություն տալ ծանոթանալու անկախ փորձագետի եւ հաշվի առնելու նրանց մասնագիտական կարծիքը:

Ա. Թովմասյանը նշել է նաեւ, որ հանդիպում է նախատեսվում հանձնաժողովի եւ Հայկ Խանումյանի ու Ժաննա Գալստյանի հետ:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում միջադեպի հետ կապված ամենաշատը քննարկվող պատգամավոր Գալստյանի կողմից արտահայտած «գյալմա» (եկվոր) բառին՝ ԱԺ ունեցել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահը նշել է, որ դեռեւս 1988 թվականի շարժման ակունքներում միասնական հայրենիք ունենալու գաղափարն էր եւ անկախ հանգամանքներից մենք ունենք մեկ հայրենիք, որը ոչ ոք կասկածի տակ դնել չի կարող:

Նշենք, որ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում ընդգրկված են «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, նույն խմբակցությունից՝ Ռոբերտ Ղահրամանյանը, «Դաշնակցություն» խմբակցությունից՝ Ռիտա Մնացականյանը, «ժողովրդավարություն» խմբակցությունից՝ Լյուդմիլա Բարսեղյանեւ եւ «Շարժում-88» խմբակցությունից՝ Գագիկ Բաղունցը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը, տեղակալ՝ Ռիտա Մնացականյանը:

Նշենք, որ հունիսի 28-ին, Արցախի ԱԺ նիստում միջադեպ է տեղի ունեցել պատգամավորներ Հայկ Խանումյանի եւ Ժաննա Գալստյանի միջեւ: Վերջինս հայհոյել է Հայկ Խանումյանին եւ ստացել նույնպիսի պատասխան: Ժաննա Գալստյանը ծնունդով տավուշցի Հայկ Խանումյանին անվանել է «գյալմա» (եկվոր), ինչը լուրջ քննադատության է արժանացել հասարակության եւ պատգամավորների շրջանում:

Ավելի ուշ Ժաննա Գալստյանը ներողություն է խնդրել բոլորից՝ նման բառ օգտագործելու համար: