Ավարտվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքում Լոռու մարզի Միխայլովկա եւ Ձյունաշող համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված երկու քրեական գործերի նախաքննությունը:
Դատախզությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. փետրվարի 18-ին Լոռու մարզպետարանի եւ մատակարար ընկերության միջեւ կնքված պայմանագրով Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. Դ.-ն կազմել եւ մարզպետարան է ներկայացրել պետական ծրագրի շրջանակում համայնքում մատչելի գներով պարարտանյութեր ձեռք բերած 94 շահառուների վերաբերյալ կեղծ ցուցակ եւ ստացել ընդհանուր 11.274.000 ՀՀ դրամ արժողությամբ 93.950 կգ պարարտանյութ: Դրա դիմաց 2015թ. մարտի 20-ին մարզի Կաթնառատ համայնքի ղեկավարի միջոցով մատակարար ընկերության հաշվեհամարին, որպես ստացած պարարտանյութի դիմաց կանխավճար, փոխանցել է 3.000.000 ՀՀ դրամ: Իսկ 65.530 կգ քաշով պարարտանյութը նա օգտագործել է իր մշակած հողերը պարարտացնելու նպատակով՝ մի մասն էլ հատկացնելով մարզի Կաթնառատ եւ Սարատովկա համայնքների ղեկավարներին:
Արդյունքում պարզվել է, որ Միխայլովկա համայնքի ղեկավարի կողմից 2015թ. ընթացքում հափշտակվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 7.914.000 ՀՀ դրամ դրամի չափով պարարտանյութ եւ պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարները:
Այնուհետեւ ցանկանալով թաքցնել հափշտակության հանգամանքը՝ 2017թ. Լ.Դ.-ն կնքել է ազոտական պարարտանյութ ստացած, սակայն իբր դրա դիմաց վճարումներ չկատարելու պատճառով պարտքեր կուտակած շահառուների կեղծ ցուցակներ եւ ներկայացրել Լոռու մարզպետարան:
Քննված մյուս քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավար Գ.Գ.-ն 2015թ.-ին Լոռու մարզպետարանի հետ կնքված փոխառության պայմանագրով ստացել է համայնքի շահառուների համար նախատեսված 30.000 կգ աշնանացան ցորենի սերմացու, սակայն ստացած առանձնապես խոշոր չափերի՝ 4.368.000 ՀՀ դրամ արժողությամբ 27.300կգ աշնանացան ցորենի սերմացուն հողօգտագործողներին չի հատկացրել, այլ օգտագործել է իր կողմից օգտագործվող հողերը մշակելու նպատակով:
Այնուհետեւ, համայնքի ղեկավարը սեփական կարիքների համար օգտագործված աշնանացան ցորենի սերմացուի հափշտակության հանգամանքը թաքցնելու եւ աշնանացան ցորենի սերմացուի դիմաց գոյացած պարտավորությունը չկատարելու նկատառումով նույն մեխանիզմով կազմել եւ մարզպետարան է ուղարկել շահառուների ստորագրությունների կեղծմամբ համայնքի շահառուների կեղծ ցանկեր:
Գ. Գ.-ն 2017թ. մարզպետարան է ներկայացրել շահառուների մի մասի փոխարեն կեղծված ստորագրությունների հիման վրա կազմված՝ աշնանացան ցորենի սերամացու ստացած եւ պարտավորություններ ունեցող անձանց վերաբերյալ ցանկեր, որոնց հիման վրա ՀՀ կառավարության որոշմամբ պարտքը ներվել է եւ դադարեցվել Ձյունաշող համայնքի 4,800,000 ՀՀ դրամի պարտավորությունները:
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար երկու համայնքների ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննության ընթացքում նրանք մասնակիորեն վերականգնել են պետությանը պատճառված վնասը՝ պատրաստակամություն հայտնելով մինչեւ դատաքննությունն սկսելը ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասի մնացած մասը:
2018թ. հունիսի 29-ին 2 քրեական գործերով նախաքննությունն ավարտվել է: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունները հաստատվել են եւ քրական գործերի հետ միասին ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:





























