«Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինի հայտարարությունը, թե «հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիրը գոյություն ունի, որը քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից», չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Tert.am-ի  զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Այդ ինֆորմացիան բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Վերջին տարիների բանակցային գործընթացի բոլոր փուլերի գլխավոր բաղադրիչ է հանդիսացել այն, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պարտադիր միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Մնացած տարրերն ածանցյալ են։

Հայաստանն այս տարիների ընթացքում բազմիցս է հայտարարել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման իրացման եւ անվտանգության երաշխավորման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Այլ կարգի մտավարժանքները, մեկնաբանությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլ ուղղակի անհեթեթություն են»,-հայտարարել է Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը օրերս հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային  հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիրը գոյություն ունի:

Դուգինի հայտարարությունները բացահայտ զառանցանք, անհեթեթություն եւ սուտ են. Շարմազանով