Միշտ էլ կարելի է հրատապ ընտրություն անցկացնել երկրում, բայց որքանո՞վ է դա նպատակահարմար: Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին ՀՀ ԱԺ-ում կայացած լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետների մասին NEWS.am-ի թղթակցի հարցին։
«Միշտ էլ կարելի է հրատապ ընտրություն անցկացնել երկրում, բայց որքանո՞վ է դա նպատակահարմար։ Պատահական չէ, որ թե՛ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը, թե՛ Վենետիկի հանձնաժողովն անընդհատ ընդգծում է քաղաքական կոնսենսուսը, ԸՕ համատեղ մշակումը, զարգացումը, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերը պետք է իրենց դրական մոտեցումը ցուցաբերեն այս հարցում»,- շեշտեց նա։
Դավիթ Հարությունյանը կառավարական ճգնաժամ չի տեսնում, այս պատճառով համարում է, որ այս պահին բոլոր քաղաքական ուժերի նպատակն է իրականացնել պատշաճ ընտրություններ, իսկ «պատշաճ ընտրությունների պատրաստումը ժամանակ է պահանջում»:
«Ամեն ինչ կախված է, թե ինչ ինտենսիվությամբ կաշխատեն կառավարությունը եւ քաղաքական ուժերը»,- եզրափակեց նա։





























