Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե հայկական կողմը հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող անկախ պետություն լինել:
Ռուսական «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում Ալիեւը հատուկ ընդգծել է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ «Մենք տեսնում ենք, թե որքան արդյունավետ է դարձել Ռուսաստանի՝ որպես միջնորդներից մեկի դերը Ղարաբաղյան հակամարտության հարցում։ Դա եւ Մոսկվայում Հռչակագրի ստորագրումն է, որը որոշում է լուծման ուղիները եւ հիմնվում միջազգային իրավունքի սկզբունքների եւ միջազգային կազմակերպությունների որոշումների վրա, դա եւ Ռուսաստանի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների կազմակերպումն է։ Վերջերս մենք կրկին առաջարակ ստացանք հանդիպել Ռուսաստանում։ Նախորդ հանդիպումը նույնպես արդյունավետ էր։ Մենք տեսնում ենք Ռուսաստանի անկեղծ ցանկությունը օգնել կողմերին գալ համաձայնության։ Կան որոշակի արդյունքներ. չնայած բանակացային գործընթացը բարդ է, բայց մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- հայտարարել է Ալիեւը։
Լրագրողի այն հարցին, թե ինչը կարող է որպես ուղեցույց ծառայել հարաբերությունների բարելավման համար, Ալիեւը պատասխանել է, որ ադրբեջանական կողմը հասկանում է բոլոր նրանց մտավախությունները, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում։ «Մենք հասկանում ենք նրանց մտավախությունը, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Մենք պատրաստ ենք դիտարկել ցամաքային կապի հարցը, որպեսզի այն հուսալի լինի եւ չառաջացնի անհանգստություններ։ Մենք ըմբռնումով ենք մոտենում հակառակ կողմի անհանգստություններին։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, դա ապագայի հարց է, եւ այն առաջարկներում, որոնք մենք քննարկում, ընդունում եւ համաձայնեցնում ենք, կարգավիճակի հարցը դրված չէ։ Մենք, բնականաբար, չենք տեսնում Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնուրույն պետության գոյության հնարավորությունը, Ադրբեջանը դրան երբեք չի համաձայնվի, եւ հայկական կողմը դա հասկանում է։ Միաժամանակ հայկական կողմը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ինքնավարության մակարդակը պետք է պահպանվի։ Խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջան, որի բյուրոյի 9-հոգանոց կազմում մեկը ադրբեջանցի էր, մյուսները՝ հայեր։ Այն հիմնականում կառավարվում էր Մոսկվայի միջոցով, սակայն դա խորհրդային ժամանակաշրջանի իրականություն էր։ Դիտարկելով այդ տարածքների ապագա գոյության ուղիները՝ մենք չպետք է չափազանց առաջ անցնենք։ Այսօր մենք պետք է վերացնենք հակամարտության արդյունքները, ապահովենք բոլոր ազգերի քաղաքացիների անվտանգությունը, բացենք հաղորդակցման ուղիները. այնուհետեւ կարող է համերաշխություն լինել։ Չէ՞ որ ադրբեջանցիներն ու հայերն ապրել են Ադրբեջանում եւ Հայաստանում, եւ ոչ մի լուրջ խնդիր չի եղել։ Համերաշխությունը պետք է լինի, մենք չենք կարող մշտապես ապրել պատերազմի պայմաններում, եւ մենք պատերազմ չենք ցանկանում, չնայած եւ ավելացնում ենք ռազմական ներուժը, սակայն դա նրա արդյունք է, որ 15 տարվա զինադադարից հետո մենք կարգավորման չենք եկել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Կրկին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակին՝ Ալիեւը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը «ինչ-որ կարգավիճակ կունենա»։ Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներում եւս խոսք կա «Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս „գրավյալ տարածքներից“ զորքերի փուլային դուրսբերման մասին»։
«Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո առաջին փուլում կսկսվի զորքերի դուրսբերումը հինգ շրջաններից, երկու շրջաններից, որոնք, կարծես, գտնվում են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ՝ Քելբաջարից եւ Լաչինից, զորքերի դուրսբերումն ակնկալվում է համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց։ Մենք կարծում ենք, որ դա փոխզիջումային ժամկետ է»,- եզրափակել է Ալիեւը։



























