«Նաիրիտ» գործարանում մոտ օրերս միջազգային կազմակերպություններն աուդիտ կանցկացնեն: Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը:
«Մենք «Նաիրիտի» վերագործարկման հարցով դիմել ենք վարչապետին, նա ականջալուր է եղել մեր խնդրանքին, եւ մոտ օրերս «Նաիրիտում» միջազգային կազմակերպությունները աուդիտ կանցկացնեն՝ պարզելու վերագործարկման հնարավորությունները»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» անվտանգությունն ապահովող աշխատակիցների 7 ամսվա աշխատավարձը չի վճարվել, նրանք պարբերաբար ցույցեր են կազմակերպում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը:
Հուլիսի 9-ին կառավարության դիմաց բողոքի ցույց անցկացնող նաիրիտցիների հետ զրույցում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ նաիրիտցիներն առավելագույնը մինչեւ մյուս շաբաթվա սկիզբ աշխատավարձերը կստանան։
«Վարչապետի հանձնարարականը եղել է, տեխնիկական պատճառով չի կատարվել։ Եթե այս շաբաթ չլինի, մյուս շաբաթվա սկզբներին կլինի»,- ասել էր Միրզոյանը։





























