Առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու եւ դրան անդամակցելու հնարավորություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հուլիսի 26-ին Կառավարության նիստում միաձայն հավանության արժանացավ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Մի քանի դիտարկում այս հարցի վերաբերյալ․

Որպես կանոն, արհեստակցական միությունները ստեղծվում են տվյալ գործատուի աշխատող անձանց կողմից: Որպես արհմիության անդամ, ինչպես նաեւ որպես գործատուի աշխատող՝ արհեստակցական միության ընտրովի պաշտոններում ընդգրկված անձինք, փաստորեն, կաշկանդված են լինում գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների փաստով:

Բացի դրանից, տեղական մակարդակում գործող արհմիությունների բյուջեն համալրվում է գլխավորապես գործատուի կողմից արվող հատկացումներով, ինչն արհմիությանը անվիճելիորեն կախվածության մեջ է դնում գործատուից: Փորձը ցույց է տալիս, որ գործատուի մոտ գործող արհմիությունները գրեթե միշտ ձեռնպահ են մնում աշխատողների շահերի պաշտպանության համար դատարան դիմելուց:

Նախագծով առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու եւ դրան անդամակցելու հնարավորություն, ինչը հասանելի լինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամենատարբեր մասնագիտություններ ունեցողների համար:

Հաջորդ շաբաթ նախատեսում ենք անցկացնել արհմիությունների օրենքի թերություններին նվիրված համաժողով շահագրգիռ գործընկերների մասնակցությամբ»։