Մոնտենեգրոյի կառավարությունը նախաձեռնությամբ է հանդես եկել, համաձայն որի այս տարվա հոկտեմբերի 1-ից երկրի տնտեսության մեջ ներդրումների դիմաց քաղաքացիություն կտրամադրի, հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով «Դան» թերթին:
Ինչպես հաղորդում է թերթը, Մոնտենեգրոյի անձնագրի արժեքը տատանվում է 350 հազարից մինչեւ 550 հազար եվրո:
Նշվում է, որ ծրագրի մասնակցությունը հասանելի կլինի ԵՄ-ի կազմի մեջ չմտնող երկրներից 2 հազար մարդու համար եւ միայն երեք տարվա ընթացքում:
Մոնտենեգրոյի քաղաքացիություն ստանալու հարցում հետաքրքրված անձինք ստիպված կլինեն 250 հազար եվրո ներդնել` կառավարության կողմից հավանության արժանացած զարգացման ծրագրերից մեկում երկրի չզարգացած մասում կամ 450 հազար եվրո` տնտեսապես զարգացած շրջանում: Բացի այդ, յուրաքանչյուր դիմումի համար պետությունը եւս 100 հազար եվրո կգանձի, եկամուտները կուղղվեն անկայուն շրջանների զարգացման հատուկ հիմնադրամին, կառավարության նիստից հետո հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:





























