Հրազդանցիներն ահազանգում են քաղաքի կենտրոնում՝ բազմաբնակարան շենքերին շատ մոտ գործող գիշերային ակումբների գոյությունից: NEWS.am-ի հետ զրույցում նրանք իրենց վրդովմունքն են հայտնում գիշերային ակումբների գործունեությունից, մանավանդ, որ դրանց թիվը շատ մեծ է ու բնակելի շենքերին շատ մոտ.

«Ամեն գիշեր նույն վիճակն է, ամեն գիշեր ականջալուր ենք լինում այդ ակումբների հաճախորդների լկտի վարքին, ակումբներից հնչող բարձր երաժշտությանը, ամենավերջին հայհոյանքներին, կռիվ, ծեծ, ղալմաղալ: Երեկոյան ժամերին ուզում եմ երեխաներիս հետ զբոսնել, այդ ակումբների կողքով անցնելն ուղղակի հանցագործություն է: Մինչեւ երբ են գործելու դրանք քաղաքի կենտրոնում: Ասում են, Հրազդանում շատ ակումբներ  կան, ինչու են թույլ տալիս, որ դրանք գործեն իմ երեխաների քթի տակ: Ես ուզում եմ, որ իմ երեխաները մեծանան առողջ հոգեվիճակով»,- մեզ հետ զրույցում նշեց ուսուցչուհի Գայանե Սիմոնյանը:

Վերջինս այսօր նաեւ բաց նամակ է ուղղել  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին եւ Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին:

Նախկին ուսուցչուհին եւ այլ հրազդանցիներ նշում են, որ Հրազդանում մեկ տասնյակից ավելի գիշերային ակումբներ կան Միկրոշրջան, Կենտրոն, Հրազդան թաղամասերում՝ դրանց մեծ մասը բնակելի շենքերի հարեւանությամբ՝ երեխաների խաղահրապարակներին շատ մոտ:

«Հրադանում մի նորմալ զբոսայգի չկա, մի հատ մշակույթի տուն չկա, մի հատ հանգստի տեղ չկա, որ գնաս զբոսնես: Դրա փոխարեն մեկը մյուսին չզիջող ակումբներ: Սա՞ է մեր քաղաքի զարգացման հեռանկարը, սա՞ պիտի տեսնեն իմ երեխաները: Եթե ամենամոտ ժամանակներում դրանց հարցը չլուծվի, ես մարզպետարանի դիմաց ակցիա եմ սկսելու, իմ երեխաների հավատը չպիտի մեռնի, նրանք պիտի իմանան, որ զուր չի եղել իրենց հեղափոխությունը՚,-նշեց Գայանե Սիմոնյանը:

Խնդրի վերաբերյալ կարծիք ստանալու համար NEWS.am-ը զրուցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Վերջինս նշեց, որ բաց նամակին պատասխանել է. «Խնդրին տեղյակ եմ: Բնակիչներին առաջարկել եմ գրություն պատրաստել իմ անունով եւ ստորագրությամբ ներկայացնել մարզպետարան, որպեսզի իրավական հիմքերով ընթացք տրվի իմ լիազորության շրջանակներում»-նշեց Ռոմանոս Պետրոսյանը:

Հրազդանի մի շարք բնակիչներ պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել՝ խնդրի լուծման ակնկալիքով: