Համայնքների խնդիրները գալիս են ընտրություններից։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» քննարկման ժամանակ նշել է Հիմնական զեկուցող Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով, համայնքային իշխանությունները մինչեւ հիմա, կարծեք թե, ընտրությունների եւ սեփական շահերի համար են եղել, որովհետեւ գաղտնիք չէ, որ ավագանիները, համայնքի ղեկավարները, նույնիսկ մարզպետները նշանակվել են տարբեր քաղաքական շահերի ներքո. «Առաջնայինը եղել է հենց այդ շահերը հետապնդելը: Դա բերել է նրան, որ համայնքներում զարգացումը առանձնապես ուղղված չեն եղել սեփական բյուջեի ձեւավորմանը, սեփական համայնքը զարգացնելուն: Իշխանություններն ու ընտրություններն այնպիսի մոդել են ստեղծել, որ համայնքի ղեկավարները ձգտել են առանց հոգսերի աշխատել, որի վառ ապացույցն այն է, որ բազմաթիվ համայնքներում դոտացիաների համակարգը հասնում է 86 տոկոսի, գյուղական համայքներում միջինում 80-83 տոկոսի, քաղաքային համայնքներում՝ 60 տոկոսի: Դա ցույց է տալիս, որ այստեղ ավելի շատ հետապնդել են ֆինանսական շահեր, ստանալ դոտացիաներ, հանգիստ գոյատեւել, միաժամանակ պահել ուռճացված ապարատներ, տարբեր ծախսեր անել անձնական կարիքների համար, բայց ոչ թե սեփական բյուջեն ձեւավորելու համար»,-հայտարարեց Մակարյանը:





























