Եթե ավտոմեքենան շահագործվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, ապա ցանկացած ճանապարհատրանսպորտային պատահարի համար հանրապետության ապահովագրական ընկերությունները չեն փոխհատուցի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հասարակական գործիչ Արմեն Ալեքսանյանը:
«Ըստ օրենքի՝ ապահովագրական ընկերությկունները իրավունք չունեն ավելի շատ փող վերցնել, քան նշված է համաձայնագրում: Սակայն նրանք նախօրոք այս փողը վերցնում են, իսկ հետո չեն վերադարձնում»,- պարզաբանեց Ալեքսանյանը:
Նա անդրադարձավ նաեւ պատահարի մեջ հայտնված ավտոմեքենաների փոխադրմանը Հայաստանի Ճանապարհային ոստիկանության հատուկ կայանատեղիներ: Հասարակական գործիչը նշեց, որ ավտոմեքենաները կարող են բավականին երկար ժամանակահատված մնալ այդ կայանատեղիներում՝ ընդհուպ մի քանի ամիս, եւ ապահովագրական ընկերությունները վարորդներին չեն փոխհատուցում ոստիկանական կայանատեղիներում փոխադրամիջոցների գտնվելու պատճառով ծախսերի համար: «Առաջանում է այդ մեքենան հաշվառումից հանելու խնդիր եւ շահագործելու հարց: Այսինքն՝ այս բոլոր հարաբերություններն ու պարտավորությունները ստեղծվում են՝ կապված տրանսպորտային միջոցի շահագործման հետ, իսկ ավտոմեքենայի տեղափոխումը Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք վկայում է այն մասին, որ մարդկանց զրկում են իրենց տրանսպորտային միջոցը շահագործելու հնարավորությունից»,- շեշտեց Ալեքսանյանը:
Միաժամանակ, նա հավաստիացրեց, որ դեռեւս չի եղել դեպք, որ ապահովագրական ընկերությունները վարորդներին փոխհատուցեն Ճանապարհային ոստիկանության հատուկ կայանատեղիներում գտնվելու ծախսերը, նույնիսկ պատահարի համար մեղավոր անձի հայտնաբերումից հետո, չնայնած դա օրենքով ամրագրված է:





























