Հուլիսի 22-28-ը Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում տեղի է ունեցել 25-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմեր (351 մասնակից): Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարությունը, մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երեւանի պետական համալսարանի թիմը: ԵՊՀ-ն ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից երեքը՝ Արսեն Համբարձումյանը, Գեւորգ Մնացականյանը եւ Ալբերտ Գեւորգյանը, արժանացել են ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը՝ արծաթե մեդալների:

Օլիմպիադան անցկացվել է եւ՛ անհատական, եւ՛ թիմային հաշվարկներով: Արսեն Համբարձումյանն անհատական հաշվարկում կիսել է պատվավոր 12-13-րդ տեղերը: Թիմային առաջնությունում Երեւանի պետական համալսարանի թիմը գրավել է 4-րդ տեղը: Սա աննախադեպ արդյունք է ԵՊՀ-ի թիմի համար. մինչ այս լավագույն արդյունքը թիմային հաշվարկում եղել է 7-րդ տեղը:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի ԵՊՀ-ի թիմը ղեկավարել է ԵՊՀ եւ ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 3-րդն էր: ԵՊՀ թիմը մարզել են Վարդան Ոսկանյանը եւ Կարեն Քեռյանը:

Նշենք, որ Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրել է Պետերբուրգի պետական համալսարանի թիմը, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը գրավել են Իսրայելի ազգային եւ Պիզայի բարձրագույն նորմալ դպրոցի թիմերը: IMC ուսանողական միջազգային մաթեմատիկական օլիմպիադան առաջին անգամ անց է կացվել 1994թ.-ին: