Պերուում դատավոր Խուան Սանչես Բալբուենան երկրի նախկին նախագահ Պեդրո Կուչինսկուն արգելել է երկիրը լքել եւ ԱՄՆ ուղեւորվել բուժզննում անցնելու, հայտնում է Comercio պորտալը: 

Դատավորի խոսքով՝ Կուչինսկու մեկնումը փաստացի կվերացներ դեռեւս մարտին նրա վերաբերյալ ընդունված որոշումը, որով նրան արգելվում էր 18 ամիս Պերուից հեռանալ:

Նախկին նախագահի պաշտպանությունը բժշկական տեղեկանք է ներկայացրել, որի համաձայն՝ ԱՄՆ-ում հետազոտությունն անհրաժեշտ էր 79-ամյա Կուչինսկու մոտ սրտային առիթմիայի առկայության պատճառով:

Կուչինսկուն կասկածում են իր հետ կապված ընկերության օգտին Odebrecht-ից 4,8 մլն դոլար ստանալու մեջ՝ իբր խորհրդատվական ծառայության մատուցման դիմաց: Պերուի Կոնգրեսը մարտի վերջին բավարարել էր Կուչինսկու հրաժարականը, եւ նախագահ էր դարձել Մարտին Վիսկարան, որը նախկինում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը: