Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ բավարար ապացույցներ ունի Նիկարագուայում բռնության ալիքը ԱՄՆ կողմից ֆինանսավորելու մասին: Այս մասին նա ասել է Euronews-ի հետ հարցազրույցում:

«Մենք հզոր թշնամու հետ ենք բախվել, որը մի քանի անգամ զենքով ներխուժել է Նիկարագուա՝ ԱՄՆ-ի, եւ նա շարունակում է միջամտել Նիկարագուայի գործերին ԱՄՆ-ի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) եւ ամերիկյան երկու այլ կազմակերպությունների հաշվեհամարներով…նրանք հայտարարում են միլիոնների մասին, որ հատկացնում են Նիկարագուային ժողովրդավարության համար, ինչպես իրենք են ասում»,- ասել է Օրտեգան:

Երկրի նախագահի կարծիքով՝ հատկացված փողերը հետո ծախսվում են այլ կարիքների համար: «Երկրի ապակայունացման, բռնության աճի եւ բանդաների զինված գործողությունների խթանման, որոնք 2007 թվականից հանցագործություններ են իրագործում, երբ մենք կրկին իշխանությունը վերցրինք»,- ասել է Օրտեգան:

Հուլիսի 20-ին USAID-ը հայտարարել էր լրացուցիչ 1,5 մլն դոլար հատկացնելու մասին Նիկարագուայում ժողովրդավարության եւ մարդու իրավունքներին աջակցելու համար: Օգնությունը կտրամադրվի աջակցելու համար քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպաններին, անկախ լրատվամիջոցներին: Այս գումարը կհամալրի այն գրեթե 10 մլն դոլարը, որը նախկինում Կոնգրեսի հավանությունն է ստացել USAID բյուջեի շրջանակում Նիկարագուային տրամադրելու համար:

Նիկարագուայում հակակառավարական ցույցերը ընթանում են ապրիլից իշխանությունների առաջարկած բարեփոխումից հետո, որով նախատեսվում էր սոցիալական ապահովութան հիմնադրամներին գործատուների եւ աշխատողների փոխանցումների մեծացում: Նախագահ Օրտեգան այն արդեն չեղյալ է համարել, սակայն զանգվածային բողոքները չեն դադարել: Օրտեգան հրաժարվում է արտահերթ ընտրություններ անցկացնել, ինչրպես պահանջում է ընդդիմությունը, եւ տեղի ունեցողը երկրի դեմ դավադրություն է համարում: Նիկարագուայում բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 448-ի: