Երեքշաբթի Ինդոնեզիայի Լոմբոկ կղզու Ռինջանի հրաբխից տարհանել են ավելի քան 500 զբոսաշրջիկի, որոնց մեծ մասն արտասահմանցիներ են: Այս մասին հայտնում է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով տեղական փրկարար ծառայության ներկայացուցչին:
Նշվում է, որ լեռներում շարունակվում են վեց անհետ կորածների որոնումները:
Ավելի վաղ Լոմբոկ կղզու Մատարամ քաղաքի մոտ (ունի 319 հազար բնակիչ) տեղի է ունեցել 6,4 մագնիտուդով երկրաշարժ: Օջախը գտնվում էր 7,5 կմ խորության վրա: Kyodo գործակալության տեղեկություններով՝ ավելի քան 800 զբոսաշրջիկներ արգելափակվել են Ռինջանի հրաբխի մոտ գտնվող լեռան վրա, որոնց թվում 311-ը թաիլանդցի է, կան նաեւ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Մալայզիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից եւ Սինգապուրից եկածներ: Առնվազն 14 մարդ զոհ է գնացել տարերքին, ընդհանուր տուժել է 162-ը:
Երկրաշարժի շրջանում գրանցվել է 11 կրկնվող ցնցում՝ 5,7 մագնիտուդով: Տուժել են հազարավոր տներ, որոնց մի մասն ամբողջությամբ ավերվել է: Իշխանությունները սողանքների առաջացման վտանգի պատճառով անհապաղ դադարեցրել են զբոսաշրջիկների վերելքը Ռինջանի հրաբուխ, որը կղզու հանրահայտ տեսարժան վայրն է:



























