Պետք չէ թերագնահատել աճող կիբեռսպառնալիքը, որի դեմ պայքարի համար պետությունն ու հասարակությունը պետք է միասնական գործեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Կիրստեն Նիլսենը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Կիբեռանվտանգության հարցերով ֆորումի ժամանակ ելույթում Նիլսենը հայտարարել է իր ղեկավարած գերատեսչությանն առընթեր Ռիսկերի կառավարման ազգային կենտրոնի ստեղծման մասին: Կենտրոնի խնդիրներից կլինի կիբեռհարձակումներից էներգետիկ ընկերությունների, բանկերի եւ այլ բնագավառների պաշտպանությունը: Կենտրոնի աշխատանքների շրջանակում մասնավոր հատվածն ու կառավարությունը կհամագործակցեն՝ պոտենցիալ սպառնալիքների բացահայտման եւ դրանցից պաշտպանության նպատակով:

Վերջին տարիներին կիբեռհարձակումների դեպքերն ավելացել են: Այդ կապակցությամբ մեծանում են նաեւ մտավախությունները, որ դրանք կարող են լուրջ վնաս հասցնել կրիտիկական կարեւոր ենթակառուցվածքներին եւ առնչվել միլիոնավոր սպառողների: