Բրազիլիայի գխավոր դատախազությունը խնդրում է երկրի նախկին նախագահ Լուիս Լուլա դա Սիլվային թողնել բանտում, հայտնում է EFE գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ երեքշաբթի գլխավոր դատախազ Ռաքել Դոջը հայտարարություն է ուղարկել երկրի Գերագույն դատարան, որով խնդրել է մերժել Լուլայի պաշտպանների՝ նախկին նախագահին ազատելու խնդրանով վերաքննիչ բողոքը:
Գլխավոր դատախազության կարծիքով՝ դա Սիլվան առանցքային տարրն էր Petrobras նավթային ընկերության կոռուպցիոն սկանդալում, հայտնում է գործակալությունը:
Լուլային ապրիլին տեղափոխել են Կուրիտիբա քաղաք, որտեղ կրում է բանտարկության պատժաչափը կոռուպցիայի գործով կայացված դատավճռով: Հունվարին նա դատապարտվել է 12 տարի 1 ամիս ժամկետով բանտարկության:
Ըստ օրենքի՝ բանտարկյալը չի կարող թեկնածու լինել: Սակայն ինքը նախկին նախագահը դեռեւս մայիսին հաստատել է, որ նախկինի պես մտադիր է իր թեկնածությունն առաջադրել հոկտեմբերին անցկացվող նախագահական ընտրություններում, չնայած իր բանտարկությանը: Ավելի վաղ Աշխատավորների կուսակցությունը նույնպես հայտնել էր, որ ընտրություններում իր թեկնածուն մնում է Լուլան:



























