Զիմբաբվեում երկուշաբթի անցկացված ընտրությունների արդյունքներով՝ երկրի իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» (ZANU PF) կուսակցությունը ստացել է երկրի խորհրդարանի ստորին պալատի տեղերի մեծամասնությունը, հայտնում է Herald պարբերականը՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովին:
Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող կուսակցությունը, որը ղեկավարում է երկիրի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան, օրենսդիր մարմնում 109 տեղ է ստացել, «Շարժում հանուն դեմոկրատական փոփոխությունների» ընդդիմադիր դաշինքը՝ 41 տեղ, «Ազգային հայրենասիրական ճակատը» (NPF)՝ 1 տեղ, եւս մեկ տեղ ստացել է անկախ թեկնածու: Հանձնաժողովը պետք է հայտնի, թե որ կուսակցությունն է ստանալու եւս 58 տեղը:
Զիմբաբվեում երկուշաբթի անցկացվել են համընդհանուր ընտրություններ: Երկրի բնակիչներն ընտրել են նախագահին եւ խորհրդարանի 2 պալատների անդամներին: Երեքշաբթի ընտրական հանձնաժողովը հայտնել էր, որ թեկնածուներից եւ քաղաքական կուսակցություններից բողոքներ չեն ստացվել:



























