ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կառաջարկի 200 մլրդ ընդհանուր արժեքով չինական ապրանքների եւ ծառայությունների համար 25 տոկոս մաքսատուրք սահմանել նախատեսված 10 տոկոսի փոխարեն։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Bloomberg գործնական լուրերի գործակալությունը՝ վկայակոչելով երեք տեղեկացված անձանց։

Նրանց տվյալներով՝ Թրամփը առաջարկել է 10 տոկոս մաքսատուրք սահմանել, սակայն վարչակազմը դա բավարար չի համարել եւ առաջարկել է շեմը բարձրացնել մինչեւ 25 տոկոսը։ Այդ հարցով պաշտոնական հայտարարությունը կարող է հրապարակվել մի քանի օր անց, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Համաձայն աղբյուրներից մեկի տեղեկության՝ որոշված մաքսատուրքերի մակարդակը վերջնական չէ եւ ենթակա է լրացուցիչ համաձայնեցման։

2018 թվականի հունիսին ԱՄՆ–ն Չինաստանից ներկրվող  50 միլիարդի չափով ապրանքների համար սահմանել է 25 տոկոս մաքսատուրք։

Չինաստանը դրա հետ կապված բողոք է հղել ԱՄՆ վարչակազմին՝ բնութագրելով այն որպես ԱՀԿ կանոնների խախտում, իսկ հուլիսի 6-ից սահմանել է 25 տոկոս մաքսատուրք ամերիկյան ապրանքների համար 34 մլրդ ընդհանուր արժեքով։