Երբ մի քանի օր առաջ NEWS.am-ը բարձրացրեց Հյուսիսային պողոտայում շների եւ կատուների ապօրինի վաճառքի թեման, դրանից հետո Երեւանի քաղաքապետարանը սկսել է ստուգումներ անցկացնել այս փաստով:

Հիշեցնենք, որ Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում երեկոյան ժամերին իրականացվում է տնային կենդանիների՝ կատուների եւ շների վաճառք: Վաճառքն ապօրինի է, քանի որ նման գործունեության համար մայրաքաղաքում հատուկ տարածք է տրամադրված, որը ժողովուրդն անվանում է «Թռչնաշուկա» (Քանաքեռ-Զեյթունի վարչատարածք):

Որոշ առեւտրականներ էկզոտիկ կենդանիների ծածուկ վաճառքի բավական օրիգինալ եղանակ են գտել՝ անցորդներին առաջարկում են լուսանկարվել շնիկի, կատվի, կապիկի կամ օձի հետ, եւ այդ ընթացքում առիթը բաց չեն թողնում հայտնելու, որ կենդանիներին կարելի է նաեւ գնել:

Մինչդեռ Երեւանի ավագանու որոշմամբ, որը հրապարակված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում, կենդանիների վաճառքը թույլատրված է միայն հատուկ խանութներում, շուկաներում կամ այդ նպատակներին հարմարեցված այլ վայրերում: Ըստ որում՝ պետք է ունենան անասնաբուժական հատուկ հավաստագրեր:

Հասարակական վայրերում (խանութների, այգիների, գյուղատնտեսական շուկաների մոտ) կենդանիների վաճառքն արգելված է. այս վարչական իրավախախտման համար առաջին անգամ հայտնաբերելու դեպքում նախատեսվում է 30-50 հազար դրամի տուգանք, իսկ կրկնակի իրավախախտման դեպքում արդեն համարվում է քրեորեն պատժելի հանցագործություն:

Կենտրոն վարչական շրջանի տեսուչ Արման Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոստացել էր, որ այս փաստով ստուգումներ կանցկացնեն: Երեկ մենք կրկին անցնում էինք Հյուսիսային պողոտայով, եւ ի զարմանս մեր՝ կենդանիներ վաճառողների թիվն ավելի էր մեծացել:

Արդեն այսօր մեզ հետ զրույցում տեսուչը հայտարարեց հետեւյալը. «Երեկ մենք իրականացրել ենք առաջին շրջայցը եւ խոսել շներ ու կատուներ վաճառողների հետ: Մենք բոլորին իրազեկել ենք, որ իրենք խախտում են օրենքը: Մենք ամեն օր երեկոյան 19:30-ից մինչեւ 21:30 կշրջենք Հյուսիսային պողոտայով, մինչեւ բոլոր առեւտրականներն այնտեղից հեռանան: Ի դեպ, կարող եք գալ եւ շրջայցի ամբողջ գործընթացը տեսանկարել: Հարկ է ընդունել, որ կենդանիներ վաճառողները բավականին շատ են: Նրանք իրենց գործունեությունը քողարկում են նրանով, որ կենդանիներին ոչ թե վաճառում են, այլ պարզապես ցուցադրում, իսկ առուվաճառքի բուն գործարքը կատարվում է նրանց բնակարաններում:

Մեզ զարմացրեց նաեւ այն, թե ինչ պայմաններում են գտնվում այդ կենդանիները: Ձմեռային ցեղատեսակի որոշ շներ պարզապես չէին դիմանում օդի ջերմաստիճանին եւ շատ խղճուկ տեսք ունեին: Կաշխատենք այս խնդիրը լուծել իրավապահ մարմինների օգնությամբ»,- մեզ հավաստիացրեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Երեւանի կենտրոնում իրականացվում է կենդանիների ապօրինի վաճառք (ֆոտո)