Եթե «Սանիթեք»–ում կարծում են, որ Երեւանի աղբահանության խնդիրը եւ երեւանցում առողջությունը գտնվում են քաղաքական դիվիդենտների ուղեծրում, ապա նրանք իրավունք չունեն Երեւան քաղաքում ծառայություն իրականացնելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին «Սանիթեք» ընկերության դեմ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։
Ավագանու անդամի խոսքով՝ «Սանիթեք»–ը՝ որպես Երեւան քաղաքում աղբահանության պարտավորությունը ստանձնած միակ ընկերություն, գրեթե 2 տարի խաբում է Երեւանի քաղաքացիներին։
«Մենք եկել ենք այստեղ, որ հայտարարենք՝ ավագանու «Ելք» խմբակցության անդամները քաղաքական դիվիդենտներ չեն շահում, որովհետեւ ձեր աշխատանքի փաստերը ունեն Երեւանի բոլոր քաղաքացիները։ Եթե կարծում եք, որ Երեւանի աղբահանության խնդիրը եւ երեւանցում առողջությունը գտնվում են քաղաքական դիվիդենտների ուղեծրում, ապա դուք իրավունք չունեք Երեւան քաղաքում ծառայություն իրականացնելու»,–նշեց նա։
Սամսոնյանը հավելեց, որ «Ելք» խմբակցության անդամները «Սանիթեք»-ին համար 7 օր ժամանակ են տվել, որ վերջիններս «վերացնեն այն քաոսը, որը ստեղծել են երեւանցիների համար»։
Հիշեցնենք, որ «Սանիթեք»–ը ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ ներողություն էր խնդրել Երեւանի բնակիչներից աղբահանության ոչ պատշաճ իրականացման համար, ապա հավելել էին. «Հարկ ենք համարում անդրադառանալ նաեւ վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեք»-ը սաբոտաժ է անում եւ չի իրականացնում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով: Հիշեցնում ենք, որ «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որեւէ ներքաղաքական գործընթացի: Ընկերության միակ առաքելությունը մարդկանց սպասարկելն է»:
Իսկ ընկերության հիմնադիր, սեփականատեր Նիկոլաս Թավիլը անդրադառնալով այն լուրերին, որ «Սանիթեք»–ը սաբոտաժ է անում, նշել է, որ որ հույս ունի որոշ մարդիկ կդադարեն օգտագործել «Սանիթեքի» գործոնը քաղաքական դիվիդենտներ շահելու համար՝ նկատի ունենալով ավագանու «Ելք» խմբակցության անդամներին:
«Սանիթեքը» չունի տեղական գործընկերներ ո՛չ քաղաքական ոլորտում, ո՛չ էլ դրանից դուրս. «Սանիթեք»-ը 100 տոկոսանոց օտարերկրյա ներդրումներով ընկերություն է, 100 տոկոսով ապաքաղաքական է»,–հավելել է նա:





























