ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրառում է իր սովորական սպառնալիքների ու զիջման քաղաքականությունը Թեհրանի հետ հարաբերություններում, որը, սակայն, ի տարբերություն Հյուսիսային Կորեայի, անօգուտ կլինի: Այս մասին գրում է Deutsche Welle-ի հեղինակներից Մաթիաս ֆոն Հայնը:

Հեղինակի խոսով՝ կրիմինալ ֆիլմերից յուրաքանչյուրիս, հավանաբար, ծանոթ է համատեղ հարցաքննության լավ և վատ ոստիկանի մարտավարությանը: Այժմ այս մարտավարությունը բերվել է միջազգային հարթակ՝ որոշակի վերապահումով. Թրամփը միաժամանակ խաղում է երկու ոստիկանի դեր:

ԱՄՆ նախագահի քաղաքական շիզոֆրենիան, լինի դա իրական, թե կանխամտածված, արդարացրել է իրեն նրանում, որ հակառակ բոլոր տրամաբանական սահմանների՝ դրա արդյունքում նա դեմ առ դեմ հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ չնայած առանց լուրջ ձեռքբերումների:

Իրանի հետ Թրամփը փորձում է վարել լավ և վատ ոստիկանի մարտավարությունը: Մի կողմից նա սպառնալիքներ է հնչեցնում, իսկ մյուս կողմից առաջարկում է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ առանց նախապայմանների, ինչը տարբերվում է իր նախորդ թշնամական հայտարարություններից: Նման մոտեցումը, ըստ հեղինակի, դժվար թե լավ արդյունք ունենա Թեհրանի դեպքում՝ մի քանի պատճառով:

Նախ՝ Թրամփը նախկինում քանիցս փորձել է հանդիպել Ռոհանիի հետ, սակայն չի հաջողվել: Իրանի պնդմամբ՝ Թրամփը նախորդ տարում 8 անգամ փորձել է հանդիպել Ռոհանիի հետ ՄԱԿ-ի գերագույն խորհրդում:

Երկրորդ՝ ԱՄՆ վարչակազմը հակասող հայտարարություններ է անում: Այսպես. ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պնդել է, թե Թրամփի և Ռոհանիի հանդիպումից առաջ որոշակի չափանիշներ պետք է ապահովվեն, ինչը միանգամայն հակասում է Թրամփի առաջարկին:

Երրորդ՝ Իրանը Հյուսիսային Կորեայի պես քաղաքականապես մեկուսացված չէ, ինչի մասին վկայում է Ռոհանիի՝ վերջերս կատարած այցը Եվրոպա:

Իրանում ուժի տարբեր կենտրոնների, ինչպես նաև նման հանդիպման վերաբերյալ Իրանի բարձրագույն հոգևոր ղեկավար և առաջնորդ Ալի Խամենեիի թերահավատության պարագայում հավանականությունը, որ այն կկայանա, շատ քիչ է: Ի վերջո, նույնիսկ եթե հանդիպելու լինեին, ինչո՞ւ պետք է Ռոհանին ցանկանար բանակցել, երբ ամերիկացիները հետ են կանգնել արդեն իսկ գոյություն ունեցող նմանատիպ համաձայնագրից: Իրանը գագաթնաժողով կանցկացնի պայմանով, որ Ամերիկան վերահաստատի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին իր ներգրավվածությունը, եթե, իհարկե, Թրամփը իրապես ցանկանում է որևէ համաձայնության հասնել:

Ըստ Հայնի՝ բանակցություններին հարկ է լուրջ վերաբերվել: Պետքարտուղար Պոմպեոն և պետանվտանգության խորհրդատու Ջոն Բոլթոնը, կարծես, առավել շատ են հետաքրքրված Իրանին կապիտուլյացիա պարտադրելու հարցում: Բոլթոնը դեռ նախորդ տարի ներկայացրել էր մի ծրագիր, որտեղ մանրամասն ներկայացվում էր, թե ԱՄՆ-ն ինչպես պետք է լքի Իրանի հետ միջուկային համաձայնագիրը:

Առհասարակ, Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցային հարաբերությունների վերահաստատումը լավ միտք է, քանի որ լարված մթնոլորտը կարող է ուղեկցվել բաց հակամարտությամբ, եթե հանկարծ կողմերից մեկը սխալ քայլ անի Սիրիայի, Եմենի, Իրաքի և այլ հարցերում: Հավանաբար, կողմերը կարող են դիվանագիտական շրջանակների միջոցով սկսել բանակցություններ, որոնք պիտի լինեն շարունակական և լավ կշռադատված, կարծում է Հայնը: