ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչների հետ՝ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յագուբյանի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանն ու Ավագ Ավանեսյանը, այլ պաշտոնատար անձինք։ Քննարկման առանցքում նախարարության եւ համահայկական կառույցի համագործակցությանն առնչվող հարցերն են եղել։

Վազգեն Յագուբյանը տեղեկացրել է, որ ՀԲԸՄ-ն շարունակում ընդլայնել իր աշխատանքները եւ նոր թափով սկսելու են սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը, ինչը եւ այս հանդիպման նպատակն է` հասկանալու նախարարության հետ աշխատանքի առաջնահերթությունները, կամուրջ դառնալու Սփյուռքի եւ Հայաստանի գործարարների համար։ 

Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ շարունակական եւ նպատակային աշխատանքը եւ ողջունել տնտեսական ոլորտի նկատմամբ կառույցի փոխգործակցության պատրաստակամությունը եւ հետաքրքրվածությունը։

Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել համագործակցության հնարավոր հեռանկարներին։ Խոսվել է, մասնավորապես, ոլորտային մասնագետների կարողությունների հզորացման, կադրային բազայի լրացման,  ներդրումների խթանման եւ մի շարք այլ հարցերի մասին։

Հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում համապատասխան տեղեկատվության փոխանակման, անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային խմբերի ստեղծման մասին։