ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 2-ի իր նիստում հաստատեց 2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը:
Հարցը կառավարության նիստում ներկայացրեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ ՊՆ-ի համար նախատեսված է ինտերնատուրայի ընդունելության 28 տեղ, կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար 95 տեղ, այդ թվում՝Առողջապահության նախարարության համար նախատեսված 49 նպատակային տեղ ըստ մասնագիտությունների: Կրթության եւ գիտության նախարարության համար նախատեսված է 18 տեղ ըստ մասնագիտությունների, Արցախի համար նախատեսված է 17 տեղ, Պաշտպանության նախարարության համար՝ 11 տեղ:
Արայիկ Հարությունյանի խոսքով, այս տարի առողջապահության համար տեղերն ավելացել են 50 տոկոսով:
Առողջապահության նախարարն իր հերթին նշեց, որ մարզերում մոտ 300 բժշկի թափուր տեղ ունեն. «Տարեց տարի փորձելու ենք ավելացնել այս նպատակային տեղերը: Իմաստն այն է, որ մեզ հետ կնքվող պայմանագրով նրանք պարտավորվում են 5 տարի աշխատել իրենց նշանակված տեղում: Կոչ եմ անում շրջանավարտներին ակտիվորեն դիմել, որ լրացնենք այդ տեղերը»:
Արայիկ Հարությունյանն էլ նկատեց, որ որոշ երկրներում կա կարգ, ըստ որի մեծ քաղաքներում կամ մայրաքաղաքում աշխատելու համար պետք է մարզերում կամ սահմանամերձ շրջանների հիվանդանոցներում աշխատանքի որոշակի փորձ ունենաս. «Այդ դեպքում արդեն նպատակային տեղեր չեն հատկացվի»: Նախարարը նաեւ նշեց, որ եթե շրջանավարտը հետո հրաժարվի իր պարտավորությունից, հետ վերադարձվող գումարը շատ ավելի մեծ կլինի. «Դա 3 անգամ ավելի շատ կլինի այն գումարից, որը պետությունը նրան տրամադրում է անվճար ուսուցման համար»:





























