Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի թաղամասում 24 ժամից ավելի է՝ հոսանք չկա: NEWS.am-ի խմբագրություն զանգահարած թաղամասի բնակիչ Գեորգի Աթայանը բողոքեց, որ ՀԷՑ-ի թեժ գծից իրենց պատասխանում են, որ շուտով հոսանք կունենան, սակայն խոստումը չեն կատարում:
Բնակչի խոսքով՝ ՀԷՑ-ից իրենց պատասխանում են, որ լարի վնասվելու պատճառով են հոսանքն անջատել եւ փորձում են վերականգնել խափանումը:
«Ոնց որ ինադու անեն, որ մարդկանց մոտ բողոք առաջանա: Մարդիկ ձմեռվա համար ինչ ունեին սառցարաններում պահած՝ հանեցին, թափեցին: Անընդհատ ինչ-որ անիմաստ պատասխան են տալիս: Այսօր առավոտ պետք է լույսը տային, հետո՝ այսօր ժամը 15:00-ին, հետո 17:00-ին, ու անընդհատ խաբում են»,- ասաց բնակիչը:
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակը կարծես դիտմամբ է տեղի ունենում. «Իմ կարծիքով՝ վերջին շրջանում այս ջրանջատումները, հոսանքի անջատումները, աղբի հետ կապված իրավիճակը սաբոտաժ է նոր իշխանությունների դեմ, առաջ նման բաներ չկային, կարծես 1990-ականներ ենք վերադառնում»:




























