Ուրբաթ առավոտյան «Ջոնդարի» թայֆունը պատուհասել է Շանհայը եւ Չինաստանի մերձափնյա արեւելյան նահանգ Չժենցզյանը, տարհանվել է 130 հազարից ավելի մարդ, առայժմ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Չինաստանի Ազգային օդերեւութաբանական վարչությունը:
«Ջոնդարին» այս տարի 12-րդ թայֆունն է: Թայֆունի կենտրոնում քամու ուժգնությունը հասնում է վայրկյանում 23 մետրի:
Ուրբաթ Շանհայի օդերեւութաբանական կենտրոնը երկարացրել է վտանգավորության «դեղին» մակարդակի գործողությունը, որը նախօրեին էր հայտարարվել: Միաժամանակ, մեգապոլիսի որոշ շրջաններում մտցված է վտանգավորության բարձր՝ «նարնջագույն» մակարդակ: Շանհայի իշխանություններն անվտանգության ապահովման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացրել են 134 հազար մարդու տարհանում:
Քաղաքի իշխանությունները գործարկել են նաեւ արտակարգ արձագանքման 3-րդ մակարդակի մեխանիզմը: Տարերքի ազդեցության շրջաններում ամբողջ օրվա ընթացքում սպասվում են հորդ անձրեւներ եւ քամու ուժգնացում, ջրհեղեղներ, բնակիչներին խորհուրդ է տրվում առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ, չմոտենալ առափնյա շրջաններին, ճանապարհներին չափազանց զգույշ լինել: Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ թայֆունը կշարժվի մայրցամաքի խորքը եւ աստիճանաբար կթուլանա, շաբաթ եղանակը պետք է կարգավորվի:
«Ջոնդարի» թայֆունն առաջացել է հուլիսի 25-ին Խաղաղ օվկիանոսում եւ շարժվում է արեւմտյան ուղությամբ: Ավելի վաղ «Ջոնդարի» թայֆունը պատուհասել էր Ճապոնիայի կենտրոնական եւ արեւմտյան շրջանները, երկու օրում 24 մարդ վնասվածքներ էր ստացել:




























