Զիմբաբվեի ընդդիմադիր «Շարժում հանուն դեմոկրատական փոփոխությունների» (MDC) կուսակցությունը մտադիր է նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկել դատարանում, հայտնում է SABC հեռուստաալիքը:
Նախագահի ընտրություններում հաղթել է Զիմբաբվեի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Մնանգագվայի օգտին է քվեարկել ընտրողների 50,8 տոկոսը: Նրա մրցակիցը՝ MDC-ի թեկնածու Նելսոն Չամիզան ստացել է ձայների 47,3 տոկոսը:
Դատարան դիմելու ընդդիմության մտադրության մասին հայտարարել է MDC նախագահ Մորգան Կոմիչին:
Երկուշաբթի Զիմբաբվեում տեղի են ունեցել համընդհանուր ընտրություններ: Երկրի բնակիչները ընտրել են նախագահին եւ խորհրդարանի 2 պալատների անդամներին: Խորհրդարանի ընտրությունների արդյունքների հրապարակման ֆոնին չորեքշաբթի Խարարայում բողոքի ցույցեր են սկսվել, որոնց ընթացքում զոհվել է 6 մարդ, եւս 14-ը վնասվածքներ է ստացել:
2017 թվականի նոյեմբերի վերջին 93-ամյա Ռոբերտ Մուգաբեն Զիմբաբվեի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել զինվորականների եւ իշխող ZANU-PF կուսակցության ղեկավարության ճնշմամբ: Մինչեւ ընտրությունները այս պաշտոնը զբաղեցրել էր նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան, ում նախագահի պաշտոնում առաջադրել էր ZANU-PF-ն:





























