Դյուրանգո նահանգում վթարի ենթարկված Aeromexico ինքնաթիռի ուղեւորը ավիափոխադրողի դեմ անփութության մեղադրանքով հայց է ներկայացրել: Այս մասին ասվում է Չիկագոյի դատարանի փաստաթղթերում, հաղորդում է ՌԲԿ-ն, հղում անելով Noticias MVS ռադիոկայանին:
Հայցվորը՝ մեքսիկական ծագումով 43-ամյա ամերիկացի Նեստոր Մարտինեսը, կարծում է, որ ավիաընկերությունը անփութություն է դրսեւորել անբարենպաստ եղանակային պայմաններում՝ ուժեղ քամու, անձրեւի եւ կարկուտի ժամանակ թույլ տալով թռիչք իրականացնել: Մարտինեսը Դուրանգոյում արձակուրդում էր: Հայցվորի փաստաբան Թոմաս Դեմետրիոն հայտարարել է, որ իր հաճախորդը ցանկանում է փոխհատուցում ստանալ, սակայն չի նշել գումարը:
Օգոստոսի 1-ին Aeromexico ինքնաթիռը, որը թռչում էր Մեխիկո, օդանավակայանից դուրս գալուց քիչ հետո ընկել էր: Դուրանգոյի նահանգապետ Խոսե Աիսպուրոն հայտարարել է, որ թռիչի ժամանակ ինքնաթիռին ուժեղ քամին հարվածել էր, ինչի պատճառով այն կորցրել է արագությունը եւ ձախ թեւով դիպել գետնին:
Դեպքի ժամանակ ինքնաթիռում 103 ուղեւոր կար, բոլորը ողջ էին մնացել:




























