Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը աղբահանության եւ սանմաքրման աշխատանքների ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջին շրջանում «Սանիթեք» ընկերության աշխատանքը գնահատելով խիստ անբավարար, իսկ աղբահանության գործընթացի կարգավորումը անհետաձգելի, Կամո Արեյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների եւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստագույն հսկողություն սահմանել «Սանիթեք» ընկերության աշխատանքի նկատմամբ՝ բացառելով մայրաքաղաքում աղբի կուտակումները:

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Արեյանին զեկուցվել է, որ չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաեւ շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված նախորդ շաբաթ կազմվել է 7 վարչական արձանագրություն: Պատասխանատուներին հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը մասնավորապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ՝ օրինախախտներին ենթարկելով վարչական պատասխանատվության: Բացի այդ, հանձնարարվել է շարունակել շինարարական ընկերություններին եւ շինաղբ տեղափոխող ավտոմեքենաների վարորդներին իրազեկել մայրաքաղաքում գործող շինարարական աղբի համար նախատեսված աղբավայրի մասին՝ նրանց ուղղորդելով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասին հարող նախկին բազալտի հանքավայրի տարածքում ստեղծված եւ բացառապես շինարարական աղբը թափելու համար նախատեսված աղբավայր: