Առկա թերությունները և խնդիրները ունեն թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներ: Այս մասին հայտարարություն է տարածել «Սանիթեք» ընկերության հայաստանյան գրասենյակը՝ անդրադառնալով աղբահանության վերաբերյալ քաղաքացիների դժգոհություններին:

Ընկերության տարածած հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ՝

«Երևան քաղաքի աղբահանության կազմակերպումը մշտապես կատարվել և կատարվում է Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան, իսկ առկա թերությունները հստակորեն արձանագրվում են և մշտապես միջոցներ են ձեռնարկվում աղբահանության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և արձանագրված խնդիրները բացառելու համար:

Ներկայումս մեր ընկերության կողմից մշակվել են Երևան քաղաքի աղբահանության խնդիրների կարգավորման կարճաժամկետ և երկարաժամկետ պլաններ, որոնց համաձայն իրականացվում և իրականացվելու են հետևյալ քայլերը.

Կարճաժամկետ.

Աղբավայրերի հետ կապված խնդիրների, ընկերության տրանսպորտային միջոցների և աղբամանների վնասման հետևանքով խիստ անհրաժեշտություն է առաջացել նոր տրանսպորտային միջոցների և աղբամանների ներգրավման համար, որի հետ կապված ներկայումս հետևյալ միջոցներն են ձեռնարկվում.

• վարձակալության հիմունքներով ժամանակավոր տրանսպորտային միջոցների ներգրավվում,

• հնարավորինս կարճ ժամկետներում աղբամանների նոր խմբաքանակի ավելացում,

• ղեկավարության և անձնակազմի արտաժամյա աշխատանք՝ ապահովելով խնդիրների մոնիտորինգը և ըստ առաջնահերթության լուծումը:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր չէ մշտապես ապահովել ամբողջ քաղաքում աղբի իսպառ բացակայությունը, ինչը նախատեսված է նաև պայմանագրով:

Երկարաժամկետ.

Չնայած այն հանգամանքին, որ Ընկերությունը ահռելի վնասներ է կրում և խիստ անհրաժեշտություն կա վերանայել պայմանագրի պայմանները, Ընկերության բաժնետերերը նախատեսում են ստեղծված իրավիճակը արմատապես փոխելու համար կատարել լրացուցիչ ներդրումներ հետևյալ ուղղություններով.

• Նոր աղբամանների ձեռքբերում,

• Նոր աղբատար մեքենաների ձեռքբերում,

• Առկա տրանսպորտային պարկի ամբողջական վերանորոգում:

Նշված միջոցները, ինչպես նաև ստորև նշված խնդիրների հարթումը կերաշխավորի Երևան քաղաքում աղբահանության և սանինտարական վիճակի այն բարձր մակարդակը, որը ցանկանում ենք տեսնել բոլորս:

Հարկ ենք համարում նշել, որ ներկայումս առկա թերությունները և խնդիրները ունեն թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներ, մասնավորապես.

• Աղբավայրերը գտնվում են ոչ պաշտաճ վիճակում և չեն ապահովվում աղբահանության իրականացման համար բավարար պայմաններ,

• Աղբավայրերի ճանապարհների վիճակը չի համապատասխանում որևէ ստանդարտների և մշտապես վնաս է հասցնում ընկերության տրանսպորտային միջոցներին, որոնք նախատեսված չեն նման ճանապարհներով անցնելու համար:

• Աղբամաններ է նետվում դրանց համար չնախատեսված տեսակի աղբ, ներառյալ՝ շինարարական, ինչը ևս վնասում է ընկերության տրանսպորտային միջոցները:

• Մշտապես վնասվում են ընկերությանը պատկանող աղբամանները, ինչը լուրջ վնաս է հասցնում ընկերության թե գործառնական, թե ֆինանսական վիճակին: Ընկերությունը կրել է շուրջ 700.000 ԱՄՆ դոլարի վնասներ այրված աղբակղերի պատճառով:

• Քաղաքում բազմաթիվ են դեպքերը, երբ աղբը նետվում է աղբամաններից դուրս և դրա համար չնախատեսված վայրում: Կից ներկայացվում են նկարներ ներկայացված խնդրի վերաբերյալ:

• Ընկերության աղբարկղերի դիմաց ավտոմեքենաների կայանումը խոչընդոտում է ընկերության գործունեությանը: Այս խնդիրը պետք է քննարկվի համապատասխան պետական մարմինների հետ խնդրին մշտական լուծում տալու համար:

• Բակերում առկա արգելափակոցների պատճառով Ընկերության աղբատար մեքենաները ծախսում են երկար ժամանակ, նշված արգելափակոցները խոչընդոտում են պատշաճ աղբահանությանը:

• Ընկերությունը երկար ժամանակ է ծախսում նաև սուպերմարկետների, խանութների և այլ ձեռնարկությունների կողմից գեներացված աղբի հեռացման համար:

• Քաղաքում առկա աղբամուղերի փակման և աղբամաններով փոխարինման հարցը ևս շատ կարևոր է:

• Քաղաքապետարանի կողմից տեղադրված փոքր աղբամանները պարբերաբար խանգարում են ընկերության գործունեությանը: Ամբողջ աշխարհում քաղաքապետարանի աղբարկղերը նախատեսված են ծխախոտի, շշերի, թղթի համար: Կից ներկայացվում են նկարներ վերոգրյալի վերաբերյալ:

• Պայմանագրով սահմանված են աղբահանության իրականացման ժամային և այլ սահմանափակումներ, որոնք օրեցoր ավելացող աղբի պայմաններում հնարավորություն չեն տալիս օպերատիվ իրականացնել աղբահանություն:

Վերը նշված և մի շարք այլ խնդիրներով մեր ընկերությունը բազմաթիվ անգամ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով աջակցել վերը նշված խնդիրների հարթմանը, այդ թվում՝ աղբամանների կիրառման նկատմամբ խիստ վերահսկողության, աղբավայրի հարցի լուծման և պայմանագրի վերանայման միջոցով: Մինչ այսօր մեր ընկերությունն արդյունավետ աշխատել է Երևանի քաղաքապետարանի հետ առկա խնդիրների լուծման շուրջ:

Չնայած վերը նշված խոչընդոտներին՝ «Սանիթեք» ընկերությունը՝ ի դեմս իր բաժնետերերի և ամբողջ անձնակազմի փորձում է անել հնարավոր ամեն բան լավագույնս մատուցելու իր ծառայությունները Երևան քաղաքի բնակիչներին և ապահովելու քաղաքի մաքրությունն ու բարեկեցությունը:

Միևնույն ժամանակ վստահ ենք, որ մինչ օրս «Սանիթեք» ընկերության կողմից թույլ չեն տրվել պայմանագրային այնպիսի խախտումներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ պայմանագրի լուծման համար»: