Երեւանի կենտրոնում փողոցային առեւտուրը միանգամայն անթույլատրելի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրազեկված եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայում կենդանիների վաճառքի մասին մի շարք հրապարակումներից հետո NEWS.am-ը մայրաքաղաքի քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրեց ընդհանրապես քաղաքի այդ հատվածում ապօրինի առեւտրի վրա: Եվ եթե Երեւանի Կենտրոն վարչական շրջանի առեւտրի ու գովազդի վարչությունը դեռեւս չի կարողանում խնդիրը լուծել՝ գանգատվելով համապատասխան օրենքի բացակայությունից, որը քաղաքապետարանին թույլ կտար արգելել փողոցային առեւտուրը, մեր դեպքում խոսքը Հյուսիսային պողոտայում սանիտարական եւ քաղաքացիների անվտանգության տարրական նորմերին հակառակ քաղցր բամբակի վաճառքի մասին է:

Փորձագետի խոսքով՝ փողոցային առեւտուրը հնարավոր է արմատախիլ անել համալիր կերպով:

«Անվտանգության տեսանկյունից պատասխանատվություն է կրում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որը պարտավոր է մասնակցել մյուս իրավասու օրգանների կողմից իրականացվող աշխատանքին»,- նշեց նա:

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ ԱԻՆ-ն այս խնդրի լուծման հետ ուղղակի կապ ունի:

«Մենք բոլորս դարձանք այն բանի ականատեսը, թե ինչպես մի քանի ամիս առաջ  Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում տեղի ունեցավ գազի բալոնի պայթյուն: Հիմա պատկերացրեք գազի բալոնի պայթյունը բացօթյա տարածքում, որտեղ մեծ թվով մարդիկ կան»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:

ՀԿ նախագահը կոչ արեց օրենքին ավելի լավ ծանոթանալ եւ հասկանալ, թե ըստ էության, ինչ են նշանակում օրենքն ու կարգը: «Եթե ինչ-որ բան արգելված է եւ կարող է վարչական պատասխանատվության հանգեցնել, ապա քաղաքապետարանը, բացի տուգանքներ սահմանելուց, կարող է գործել ոստիկանության միջոցով եւ փողոցային առեւտուրն արգելել»,- նշեց նա՝ հավելելով. «Հավաստիացնում եմ, եթե քաղաքապետարանը չարտոնված առեւտրի համար տուգանքները մշտապես ոստիկանություն ուղարկի, ապա ոստիկանությունը համապատասխան քայլեր կձեռնարկի այս խնդրի լուծման համար»:

Բաբկեն Պիպոյանը ամփոփեց՝ ասելով, որ հենց քաղաքապետարանն է համապատասխան գործունեության համար թույլտվություն տալիս, եւ եթե թույլտվություն չկա, սակայն գործունեությունը չի դադարեցվում, ապա ոստիկանությանը դիմելու լիակատար իրավունք ունի, որպեսզի առեւտուրը կասեցնի: