Միացյալ Նահանգներում ապրող թոշակառուների մասնաբաժինը, որոնք ստիպված են իրենց սնանկ հայտարարել, վերջին 25 տարվա ընթացքում եռապատկվել է, ինչը դարձել է այնպիսի խնդիրների սրման հետեւանք, ինչպիսին են բժշկական ծախսերի ավելացումը, կենսաթոշակների ցածր մակարդակը եւ ծերության համար սեփական խնայողությունների արագ սպառումը: Այս մասին, վկայակոչելով  Consumer Bankruptcy Project նախագծի տվյալները, հայտնում է The New York Times, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Ուսումնասիրության հեղինակների կարծիքով՝ 2016 թվականին 65 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիների թիվը, որոնք հայտարարել են իրենց ֆինանսական անկարողության մասին, 3.6 հազար մարդ է կազմել՝ 1991 թվականի 1.2 հազար ցուցանիշի համեմատ: Նույն ժամանակահատվածում ավելացել է նաեւ նրանց մասնաբաժինը սնանկացման մասին հայտարարածների մեջ. 2.1 տոկոսից՝ մինչեւ 12.2 տոկոս:

Այս միտման շարժիչ ուժը, ըստ վերլուծաբանների, արդեն երրորդ տասնամյակը շարունակվող  ֆինանսական ռիսկերի տեղափոխումը դաշնային գերատեսչություններից եւ գործատուներից՝ մասնավոր անձանց վրա, որոնց համար սոցիալական ոլորտի համար պետական աջակցության մշտական կրճատման պայմաններում տարեց տարի ավելի ծանր է դառնում անձնական պատասխանատվությունն իրենց ֆինանսական բարեկեցության համար: Այդ իսկ պատճառով տարեց մարդկանց մեծ մասը, ինչպես նշում են հետազոտողները, դիմում են միակ հնարավորությանը՝ իրենց սնանկ են հայտարարում: