Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մտադիր է «առաջիկա ժամերի ընթացքում» հիմնավոր ապացույցներ ներկայացնել իր դեմ օգոստոսի 4-ին իրականացված չհաջողված մահափորձին Կոլումբիայի մասնակցության վերաբերյալ: Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է տեսագրության մեջ, որը երեքշաբթի օրը հրապարակվել էր Facebook սոցիալական ցանցում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Կոլումբիայի՝ Խուան Մանուել Սանտոսի հեռացող կառավարության մասնակցության բավարար ապացույցներն կան: Մենք տեղեկություն ունենք այն վայրի անվան եւ գտնվելու մասին, որտեղ Սանդանդերի հյուսիսում գտնվող Չինակոտեում կոլումբիացիները նախապատրաստել են մահապարտ ահաբեկիչներին»,- վստահեցրել է Մադուրոն: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ մահափորձի հետաքննությունը շարունակվում է, եւ ոստիկանությունը եւ անվտանգության ծառայությունները «ռեկորդային ժամանակահատվածում» ձերբակալել են հանցագործության անմիջական մասնակիցներին եւ իրականացնում են դրա գաղափարային հեղինակների որոնողական աշխատանքները:
Վենեսուելայի նախագահի դեմ պայթուցիկով անօդաչուի կիրառմամբ մահափորձն իրականացվել էր շաբաթ օրը, երբ նա Կարակասում ելույթ էր ունենում Ազգային բոլիվարյան գվարդիայի ստեղծման 81-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ: Դրոնները չեզոքացվել էին: Մադուրոն եւ երկրի բարձրագույն ղեկավարության անդամները, որոնք գտնվում էին իր կողքին, անվնաս են մնացել:
Վենեսուելայի առաջնորդն ազգին ուղղված իր ուղերձում տեղի ունեցածին ներգրավվածության համար մեղադրել է «վենեսուելական եւ կոլումբիական ծայրահեղ աջերին», ինչպես նաեւ՝ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին: Բացի այդ, Մադուրոն ենթադրել է, որ իր սպանությունը ծրագրածների մի մասն ապրում են ԱՄՆ-ում:
Կիրակի օրը Վենեսուելայի ներքին գործերի նախարար Նեստոր Ռեվերոլը հայտնել էր, որ իշխանությունները ձերբակալել են պետության ղեկավարի դեմ մահափորձի համար կասկածվող 6 անձի:





























