ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ բյուջե է վերադարձվել մի քանի տասնյակ միլիոն դոլար, որը, սակայն, շատ փոքր գումար է։

«Կարծում եմ՝ մի քանի տասնյակ միլիոն դոլարը շատ փոքր գումար է։ Սա այն երեւացող մասն է եղել, որը շատ արագ հայտնաբերվել եւ վերադարձվել է, բայց կա մի շերտ, որը պետք է դուրս բերել սեւից եւ սպիտակ, մաքուր աշխատելու դաշտ բերել»,– այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետը շեշտեց՝ իրենց նպատակն է, որ բոլորին շահավետ լինի աշխատել հարկային դաշտում, քանի որ այդ պարագայում լրիվ այլ պատկեր կլինի. «Խոսքը 10 կամ 20 միլիոնի մասին չի լինի, այլ հարյուրավոր միլիոն դոլարների: Պետք է հասկանալ նաեւ գործարարների խնդիրը, որը կապված է հարկային օրենսդրության հետ։ Այդ խնդիրները հասկանալով՝ մենք գնում ենք հարկային օրենսդրությունը պարզեցնելու, տոկոսադրույքները վերանայելու ընդհանուր տնտեսական քաղաքականության»:

Նա, նաև անդրադառնալով աշխատավարձերի, թոշակների բարձրացմանը, հայտնեց, որ ընդհանուր աշխատավարձերի, թոշակների բարձրացումը կախված է լինելու տնտեսական ցուցանիշներից. «Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ պատկերը դրական է, եւ եթե տենդենցը նման կերպով շարունակվի, կարծում եմ՝ մոտ ապագայում կարող ենք քննարկել նաեւ այդ հարցը»։