Լոռու մարզում օգոստոսի 6-ին 34-ամյա տղամարդուն դանակահարելու մեջ կասկածվող երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին:
NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 6-ին ժամը 23.00-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան փողոցի թիվ 4 եւ 6 շենքերի մոտ վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «աջ քունքային շրջանի, բազուկների, ձախ ուսագոտու եւ ձախից կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերքեր, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1984 թ. ծնված Բարեղամ Գ.-ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 7-ին, ժամը 22.15-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 25-ամյա Գեւորգ Գ.-ն եւ հայտնել, որ օգոստոսի 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 6 շենքի մոտ՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մի քանի անգամ դանակով հարվածել է Բարեղամ Գ.-ին եւ պատճառել վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:




























