Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է կոռուպցիոն բնույթի քրեական գործ՝ խաբեության եղանակով ուրիշի զգալի չափերի գույք հափշտակելու, խոշոր չափերով կաշառք տալու եւ խոշոր չափերով կաշառք տալու դրդչության փորձի դեպքերի առթիվ:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Երեւանում գործող «Ֆրանսիական ուռուցքաբանության ինստիտուտ» կազմակերպության բուժաշխատակից Ա. Փ.-ն ՀՀ Վերահսկիչ պալատում աշխատանքի տեղավորելու պատրվակով Լ. Ս-ից պահանջել եւ ստացել է խոշոր չափի՝ 500 ԱՄՆ դոլար, որը հետագայում հափշտակել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ նաեւ այն մասին, որ Երեւան քաղաքում գործող «Ֆրանսիական ուռուցքաբանության ինստիտուտ» կազմակերպության բուժաշխատակից Ա. Փ.-ն աշխատանքի բերումով ծանոթացել է նույն բուժհաստատությունում բուժվող հիվանդ Ս.Ղ.-ի դստեր՝ Լ. Ս.-ի հետ, տեղեկանալով նրա աշխատանքի տեղավորվելու ցանկություն ունենալու մասին, խարդախությամբ գումար հափշտակելու նպատակով առաջարկել է իր միջնորդական ծառայությունները՝ խոստանալով իր ծանոթ պաշտոնատար անձին 500 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու դիմաց աշխատանքի տեղավորել ՀՀ վերահսկիչ պալատում: Սակայն, գիտակցելով իր  խոստումը կատարելու անհնարինությունը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով Լ. Ս.-ին  համոզելու, նյութապես շահագրգռելու եղանակով դրդել է խոշոր չափերով կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձին, ապա, ստանալով վերջինիս համաձայնությունը, անձամբ ստացել է զգալի չափի՝ 240.750 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, որն օգտագործելով իր անձնական կարիքների համար,  խաբեության եղանակով հափշտակել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են հանցագործության հատկանիշներ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին: