«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ում ստացվող աղի իրացումը կտրուկ կրճատվել է, եւ մենք որոշեցինք պարզել պատճառը: Մեր աշխատակիցները ուսումնասիրություն են անցկացրել եւ պարզել են, որ Հայաստան առանց որեւէ սերտիֆիկացման մեծ քանակությամբ տեխնիկական աղ է ներկրվել: Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ ներկրված տեխնիկական աղը, որը հիմնականում օգտագործվում է ձմռան ամիսներին ձյան եւ սառույցի հավաքման համար, վաճառվում է որպես կերակրի աղ:

«Տեխնիկական աղն օգտագործվում է միայն տեխնիկական նպատակներով եւ արգելվում է այն օգտագործել սննդի մեջ: Ավելին, ՀՀ կառավարության որոշմամբ, սննդի մեջ չյոդավորված աղի օգտագործումն արգելվում է: Ես ինքս բժիշկ չեմ, բայց գիտեմ, որ Հայաստանում չյոդավորված աղի օգտագործումը տարբեր հիվանդությունների է հանգեցնում»,- պարզաբանեց Ղուկասյանը:

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք նա ասվածի կոնկրետ ապացույցներ ունի, Ղուկասյանը հայտարարեց, որ կոնկրետ ապացույց չունի եւ ինքն անձամբ խանութներում նման աղ չի տեսել: Սակայն լրագրողներին եւ համապատասխան մարմիններին կոչ արեց ստուգել հաղորդումը եւ պարզել հանրապետություն տեխնիկական աղի զգալի քանակության ներկրման իրական պատճառը, հատկապես, եթե դրա կարիքն իրականում չկա:

«Հիմա ամառ է, տաք: Տեխնիկական աղը ներկրվում է ձմռանը: Ուրեմն, ինչու՞ այն Իրանից ներմուծել հիմա, այն էլ՝ այդ քանակությամբ»,- ասաց Ղուկասյանը:

Գլխավոր տնօրենը նաեւ հայտնեց, որ իրենց արտադրանքի պահանջարկի անկման պատճառով նա ստիպված էր կրճատել աշխատակիցներին միջին աշխատավարձը՝ 180 հազար դրամից հասցնելով մինչեւ 160 հազար դրամ, իսկ այս տարվա շահույթը կազմել է ընդամենը 1,6 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.7 տոկոսի համեմատ: Ընդ որում, Ղուկասյանը նշեց, որ շուկայում իրենց արտադրանքը 144 դրամ արժե՝ ներառյալ ԱԱՀ-ն, իսկ Հայաստան ներմուծվող կերակրի աղի համար ներմուծողը 50 դրամից պակաս է վճարում: Նա նաեւ ընդգծեց, որ այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 14-ը Հայաստան 1963.1 տոննա տեխնիկական աղ է ներմուծվել: