ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները: Մեկ անձի առաջադրվել է մեղադրանք:

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. օգոստոսի 21-ին «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի անվտանգության վարչության պետից հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 21:50-ից մինչեւ 22:17-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի գործադրմամբ, բանկին պատկանող բանկոմատից կանխիկացվել եւ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 22-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նույն օրն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնի վարույթ: Մշակվել է քննչական պլան եւ ձեռնարկվել մեծածավալ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, առգրավվել եւ զննության ենթարկվել բանկոմատի տեսախցիկների տեսագրությունները։

Արդյունքում պարզվել է առերեւույթ հափշտակությանը մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնությունը, ով Երեւան քաղաքի 39-ամյա բնակիչ է։

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 21:50-ից մինչեւ 22:17-ն ընկած ժամանակահատվածում, տղամարդը, այլ անձանց ցուցումներ տալով եւ տեղեկատվություն տրամադրելով, օժանդակել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից առանձնապես խոշոր չափերի՝ 7 200 000 ՀՀ դրամ գումար հափշտակելուն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը՝ գրավի չափ սահմանելով 6մլն. ՀՀ դրամ:

Դատարանի որոշման մասին, օրենքով սահմանված կարգով, քննիչը տեղեկացրել է դատախազին՝ առաջարկելով քննարկել վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու, կատարված հափշտակությանը մասնակցություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաեւ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։